Անվճար ռեֆերատ : Tuyli pahanjy lseli che / Թույլի պահանջը լսելի չէ

Անվճար ռեֆերատ : Tuyli pahanjy lseli che / Թույլի պահանջը լսելի չէ :
Նյութը `

Ավարտվեց թուրքերի կողմից 1915թ-ին կատարված աններելի ոճրագործության հերթական` իննսունչորսերորդ տարելիցը, ոճրագործություն, որը ընդմիշտ իր բացասական հետքը կթողնի հայ ժողովրդի թե՛ հոգեբանության եւ թե՛ վարած քաղաքականության վրա: Ինչու եմ շեշտում հերթական, քանզի տեւական ժամանակ է, որ այդ օրվան նվիրված միջոցառումները նմանվել են իրար, կարծես սովորական դարձել ու վերածվել ավանդույթի: Սակայն մի՞թե դա երբեւիցե կարող է հայի համար սովորական դառնալ: Որպես մի փոքր մասնիկը իմ հինավուրց ազգի` կարող եմ ամենայն պատասխանատվությամբ նշել, որ երբեք հոգուս խորքում չեմ կարող մոռանալ այն ինչ կատարվեց իմ ազգի հետ եւ հարազատաբար վերաբերվել թուրք ժողովրդին` ինչպիսի բարենապաստ հարաբերություններ էլ մեր երկրների միջեւ հաստատվեն, քանի որ հենց նրանց նախորդներն են կազմակերպել իմ ազգի զանգվածային ջարդը, որին զոհ գնաց մեկուկես միլիոն մարդ: Ներկայումս որոշ ժամանակակից պատմաբաններ գտնում են, որ այդքան մարդ չի զոհվել միայն 1915թ.-ին, այլ` դրան հաջորդող մի քանի տարիների ընթացքում եւս, քանի որ ցեղասպանությունն ունի իր ժամանակագրությունը, որն ընդգրկում է 1915-22 թվականները: Ինչեւէ, ես դա համարում եմ հարցի երկրորդական կողմը, քանզի թվաքանակից առավել կարեւոր դիտարկում եմ այն հանգամանքը, որ պետական մակարդակի վրա էր բարձրացված մի այլ ազգի նկատմամբ կատարված ցեղասպանությունը: Այս անուղղելի ոճրագործության համար ես մեղադրում եւ դատապարտում եմ երիտթուրք ղեկավարությանը, բայց պետք է ցավով փաստեմ, որ հայության` քաղաքական գործընթացների վրա ազդելու ունակ վերնախավը, անուղղակի կերպով մեղավոր է, եւ դրանով իսկ պատասխանատու ցեղասպանության համար: Նախ, թուրքական կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող մեր քաղաքական ուժերը զբաղված էին խնջույքներով եւ թեյախմություններով, անգամ այն դեպքում, երբ դեռեւս 19-րդ դարի 60-ական թվականներից Աբդուլ Համիդի կողմից զանգվածային ջարդեր էին տեղի ունենում, որին որոշ քաղաքական ուժերեր պատասխանում էին միայն տեռորիստական ձեռնարկների միջոցով: Բացի այդ պարզ է, որ շատերը գիտեին կամ կանխազգում էին գալիք աղետը, բայց եւ՛ ժողովուրդը, եւ՛ քաղաքական վերնախավը, վճռական քայլերի դիմելու փոխարեն, իրենց հանգստացնում էին սին հույսերով, որ թուրքերը հայերի մեծ բարեկամներն են: Ավելին, այդ աղետի նախօրյակին մեր քաղաքական վերնախավը հավաքեց ժողովրդի շրջանում եղած զինամթերքը` թուրքերին չզայրացնելու պատրվակով` հիմնականում զրկելով նրանց ինքնապաշտպանության հնարավորությունից: Իսկ ինչ վերաբերում է մեկ ու կես միլիոն զոհերին, ապա ես իրոք ապշում եմ, թե ինչու մեր ազգի համար այդ օրհասական պահերին, փոխանակ սուգ ու շիվան բարձրացնելու եւ եվրոպական երկրների հյուպատոսարաններից օգնություն աղերսելու, միասնաբար չդիմեցին ինքնապաշտպանության, այն դեպքում, երբ հայերի ֆինանսական կապիտալը 2 անգամ գերազանցում էր Առաջին աշխարամարտի տարիներին Թուրքիայի ծախսած միջոցներին: Զոհվածների մեծ մասը, ինքնապաշտպանություն չկազմակերպելու եւ լուռ ու հնազանդ ենթարկվելու պատճառով, արաբական անապատներում գտավ իր վախճանը, փոխանակ պատվով ու փառքով թաղվեր իր հայրենի հողում, իր իսկ հարազատների ձեռքով: Այդ համընդհանուր ապստամբության պայմաններում թուրքերը չէին կարողանա հայերի ցեղասպանությունը որակել զանգվածային տեղահանություն, զոհերի քանակը զգալիորեն քիչ կլիներ, քանի որ այն վայրերում, որտեղ ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության, տվեց անհամեմատ քիչ թվով զոհեր: Այս դեպքում Արեւմտյան Հայաստանը լիովին չէր հայաթափվի, այն չէր կոչվի Արեւելյան Անատոլիա եւ քրդերի ու ադրբեջանցիների փոխարեն այսօր այնտեղ կապրեին անմեղ զոհերի սերունդները, իսկ թուրքերն էլ, իրենց հատուկ դիվանագիտական ճարպկությամբ չեին կարողանա լուծել կամ առնվազն անորոշ ժամանակով արտաքին քաղաքական օրակարգից հանել Հայկական հարցը:
Ինչեւէ, ներկայումս բոլորի քննարկման առարկան, ավելին` քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է դարձել հայ-թուրքական հարաբերությունները, մասնավորապես սահմանի բացումը, եւ Բարակ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը: Ես կտրականապես դեմ եմ մեր ներկայիս մի դեպքում հիասթափված, մյուս դեպքում սպասողական հոգեբանությանը, նաեւ շատերի չհիմնավորված լավատեսությանը` որ աշխարհի գերհզոր տերությունը, եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում կճանաչի ցեղասպանությունը, Թուրքիան կվերադարձնի պատմականորեն մեզ պատկանող հողերը եւ կփոխհատուցի հարյուրմիլիոնավոր դոլարների հասնող ֆինանսական վնասները: Ցավոք, ժամանակակից Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները մեզ առայժմ հիմք չեն տալիս կարծելու, որ նրանք լիովին գիտակցել են մեր ազգի նկատմամբ կատարած իրենց նախորդների ոճրագործության ողջ հրեշավոր մասշտաբներն ու հետեւանքները, ուստիեւ ամենայն անկեղծությամբ չեն էլ դատապարտի ցեղասպանությունը եւ երիտթուրք ղեկավարությանը, քանի որ նրանք, հանդիսանալով հզոր պետության քաղաքացի, հպարտ են դրանով եւ առանձնապես չեն դատափետում իրենց պատմական անցյալը` թե ինչի գնով են այդ հզորությանը հասել: Ուստի գտնում եմ, որ մենք պետք է փորձենք կերտել այնպիսի պետություն, որի պարագայում կարող ենք լինել պահանջատեր եւ դադարենք գերտերություններից ու միջազգային ազդեցիկ կառույցներից աղերսել մեր ցեղասպանության ընդունումը: Այո՛, մենք իրոք ունակ ենք կառուցել հզոր պետություն, քանի որ եթե քոչվորական կյանք վարող թուրքերը կարողացան հասնել այն մակարդակի, որ առաջին աշխարամարտի տարիներին կատարեցին վճռորոշ դեր, ապա այն ազգը, որն ունի հնագույն արմատներ, հարուստ պատմություն, ավելին` համարձակորեն կարող ենք պնդել, որ Հայաստանը հանդիսանում է հնագույն քաղաքակրթական բնորրաններից մեկը, ոչ թե կարող է, այլ առնվազն պարտավոր է կետել հզոր Հայաստան, որի հետ հաշվի կնստի ողջ աշխարհը: Իսկ հզոր Հայաստան կերտելու համար առաջին հերթին կարեւորում եմ այն փաստը, որ մեր ազգի մտածելակերպի մեջ պետք է հասունանա միացյալ Հայաստանի գաղափարը, չպենք է տարանջատվեն արեւելահայեր եւ արեւմտահայեր, ինչը մեզանում գրեթե միշտ նկատվել է: Համաեվրոպական կոնֆերանսների ժամանակ Հայաստանը ներկայացրել են 2 պատվիրակություններ` արեւելահայ եւ արեւմտահայ, որոնք ունեցել են ծրագրային տարբերություններ: Պետք է առանձնահատուկ կարեւորեմ այս փաստը, քանի որ նույնիսկ ազգի համար վճռորոշ պահերին մենք չենք կարողանում վայր դնել մեր քաղաքական ամբիցիաները եւ միավորված կերպով հանդես գալ: Իհարկե, հեշտ է մեր գլխին եկած այդչափ արհավիրքների պատճառները բացատրել մեր անցյալի սխալներով, սակայն նայելով թե ինչ է կատարվում մեր օրերում, միանգամայն հասկանալի է դառնում մեզնից առաջ կատարվածը: Փոխվել են ժամանակները, մեզ շրջապատող աշխարհը, սակայն անձի սեփական մերկանտիլ շահերը ազգի ու պետության շահերից վեր դասելը կարծես նունն է մնացել, եւ ասես վերածվել է ազգային բնութագրիչի: Եվ հիմա արդեն դժարանում եմ ասել` տեւականորեն պետականություն չենք ունեցել, դրա համա՞ր է պետական մտածողությունն այսչափ բացակայում մերզանում, թե՞ այդպես ենք մտածել, դրա համար ենք պետականությունը կորցրել: Այսինքն, պատճառահետեւանքային կապի մեջ որքան խորանում, այնքան խճճվում ենք` հարցն ընկալելով որպես հավի եւ ձվի մշտապես քննարկվող ու այդպես էլ պատասխանը չգտնված դիլեմա: Դա է ստիպում մտածել, որ անցյալի ու ներկայի բազմակողմանի ուսումնասիրությունը հանգեցրել է այն մտքին, որ մեծն բանաստեղծ Չարենցի`հայկական ուժի ու միասնականության մասին հայտնի կարգախոսը ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլեւ կարծես դարձել է տեւական ժամանակների համար անգերազանցելի ուղենիշ:

Leave a Reply