Marzpet@ marzum kentroni nerkayacucich / Մարզպետը մարզում կենտրոնի ներկայացուցիչ

Marzpet@ marzum kentroni nerkayacucich / Մարզպետը մարզում կենտրոնի ներկայացուցիչ :
Նյութը `

Իրավագիտության մեջ տարբերում են պետական կառավարումը լայն իմաստով՝ որպես պետական իշխանության երեք ճյուղերի գործառույթների իրացում, և նեղ իմաստով՝ որպես միայն գործադիր իշխանության իրացում: Վերջինս իրականացնում Է գործադիր իշխանության մարմինների համակարգը (ՀՀ կառավարություն, նախարարություններ, մարզպետարաններ և այլն), որը ղեկավարում և ուղղություն է տալիս ենթակա մարմինների, գերատեսչական կամ վերահսկվող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությանը:
Հայաստանի Հանրապետությունում գործադիր իշխանությունն իրականացվում է կենտրոնական և տարածքային կառավարման մարմինների միջոցով: Որպես կենտրոնական կառավարման մարմիններ` հանդես են գալիս նախարարությունները, կառավարությանն առընթեր մարմինները, գերատեսչությունները, կառավարության կազմից դուրս գտնվող, սակայն գործադիր իշխանությանը բնորոշ գործունեություն իրականացնող օրենքով կազմավորված պետական կառավարման մարմինները (հանձնաժողովները, խորհուրդները, ծառայությունները և այլն): Որպես տարածքային կառավարման մարմիններ` հանդես են գալիս մարզպետներն ու հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները: Գործադիր իշխանության ներսում կենտրոնական և տարածքային մարմինների միջև իրավասությունների բաշխումն իրականացվում է կառավարման կենտրոնացվածության և ապակենտրոնացման սկզբունքների հիման վրա: Ապակենտրոնացումը լիազորությունների բաշխումն է կառավարման միևնույն մարմնի տարբեր մակարդակների միջև: Կառավարման բարձր մակարդակի մարմիններն այդ լիազորությունների իրականացման համար հատկացնում են անհրաժեշտ ծավալով ռեսուրսներ և վերահսկում դրանց կատարումը:
1995 թվականի հուլիսի 25-ին հրապարակվեց ՀՀ Նախագահի հրամանագիրը «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը հաստատելու մասին», որով ստեղծվեց տարածքային կառավարման գծով նախարար: Տարածքային կառավարման համակարգի ձևավորման հետ մեկտեղ ստեղծվեց ՀՀ մարզպետների ինստիտուտը:
ՀՀ Նախագահի «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին հրամանագրում լրացումներ կատարելու մասին» 1996 թվականի հունվարի 15-ի հրամանագրով մարզերում և Երևան քաղաքում կանոնակարգվեց պետական կառավարման մարմինների գործունեության կարգը, մարզպետի գործունեությունը կառավարության տարածքային քաղաքականության իրականացման առանձին բնագավառներում, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը: 1997 թվականի մայիսի 6-ին ՀՀ Նախագահը հրապարակեց «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» և «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրեր: Համաձայն այս հրամանագրերի` մարզերում և Երևան քաղաքում իրականացվում էր պետական կառավարում: Ի կատարումն վերը նշված հրամանագրի` ՀՀ կառավարության և վարչապետի կողմից ընդունվեցին բազմաթիվ որոշումներ: ՀՀ կառավարության 1996 թվականի փետրվարի 19-ի թիվ 47-56 որոշումներով նշանակվեցին տասը մարզպետներ, ՀՀ Նախագահի հրամանագրով` Երևանի քաղաքապետը: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեցին մարզային ենթակայության, ինչպես նաև Երևանի քաղաքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկերը: Հաստատվեցին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը, ինչպես նաև քաղաքապետարանի և մարզպետարանների ժամանակավոր կանոնադրությունները: Իսկ Սահմանադրության բարեփոխումների արդյունքում փոխվեց Երևանի կարգավիճակը: Երևանը համայնք է: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երևանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն:
Կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործում են ՀՀ մարզպետները (Երևանում` Երևանի քաղաքապետը), որոնք համակարգում են Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ինչպես նշեցինք, մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Տեղական ինքնակառավարման մարմիների նկատմամբ Կառավարությունն հսկողական դեր է կատարում: Այսպես, Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: Հետևաբար, Մարզպետները պատասխանատու են Կառավարության առջև:
Պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով:
Մարզպետը, օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում`
 – ֆինանսներ,
 – քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն,
 – տրանսպորտ և ճանապարհաշինություն,
 – գյուղատնտեսություն և հողօգտագործում,
 – կրթություն,
 – առողջապահություն,
 – սոցիալական ապահովություն,
 – մշակույթ և սպորտ,
 – բնության և շրջակա միջավայրի պահպանություն
 – առևտուր, հանրային սնունդ և սպասարկում:
Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետը իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով: Մարզպետը համակարգում է ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
Մարզում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը, մարզպետին օրենսդրությամբ վերապահված իրավասության սահմաններում, ընդգրկում է`
 հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզպետարանի աշխատակազմի ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպումը.
 մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը.
 այլ լիազորությունների իրականացում:
Մարզերում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:
Մարզպետին պաշտոնի է նշանակում և ազատում կառավարությունը: Մարզպետը հաշվետու և պատասխանատու է կառավարության առջև:
Մարզպետն ունի տեղակալ: Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Մարզպետի խորհրդականների և օգնականների մամուլի քարտուղարի պաշտոնները և թվաքանակը սահմանվում է մարզպետարանի կանոնադրությամբ: Մարզպետի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:
Մարզպետի, իսկ Երևանում Երևանի քաղաքապետի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ: Մարզպետը, իսկ Երևանում Երևանի քաղաքապետը կարող է համայնքի ղեկավարի պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել կառավարություն միայն այն դեպքում, եթե նա խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները և համայնքի ավագանու որոշումները: Պաշտոնանկության հարց կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
Մարզպետը, իսկ Երևանում Երևանի քաղաքապետը համայնքի ղեկավարին պաշտոնանկանելու որոշման նախագիծն իր հիմնավորումներով կառավարություն ներկայացնելուց առաջ ուղարկում է համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը, ստանալով որոշման նախագիծը, երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելումասին մարզպետի հիմնավորումները և, լսելով համայնքի ղեկավարին, ընդունումէ համապատասխան հիմնավորումներով որոշում: Համայնքի ավագանու որոշումը, որինկցվում է համայնքի ղեկավարի կարծիքը, եռօրյա ժամկետում ուղարկվում է պետականլիազորված մարմին և մարզպետին: Մարզպետը, պետական լիազորված մարմնի միջոցով, կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը՝ կցելով համայնքի ղեկավարի կարծիքը և համայնքի ավագանու որոշումը:

Օգտագործված գրականության ցանկ

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2005
2. ՀՀ օրենքը «Իրավական ակտերի մասին», ընդունվել է 03.04.2002թ.
3. ՀՀ օրենքը «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին», ընդունվել է 07.05.2002թ.
4. ՀՀ Նախագահի 25 հուլիսի, 1995թ. հրամանագիրը «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը հաստատելու մասին»
5. ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի հրամանագիրը` «ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին»
6. ՀՀ Նախագահի 1996թ. հունվարի 15-ի հրամանագրով «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին հրամանագրում լրացումներ կատարելու մասին»
7. ՀՀ Նախագահի 1997թ. մայիսի 6-ին հրամանագիրը «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին»
8. Ալեքսանյան Մ., «Տարածքային կառավարումը Հայաստանի Հանրապետությունում», Երևան, 2000թ.:
9. Եդիգարյան Վ., «Պետական և մունիցիպալ վարչա-քաղաքական կառավարում», Երևան, 2005թ.:
10. Հարությունյան Ա. Շ., ՀՀ Մունիցիպալ իրավունք, Եր.,1999թ.:

Leave a Reply