Marsilio Fichinoyi Norplatonakanutyan pilisopayutyun@ / Մարսիլիո Ֆիչինոյի նորպլատոնականության փիլիսոփայությունը

Marsilio Fichinoyi Norplatonakanutyan pilisopayutyun@ / Մարսիլիո Ֆիչինոյի նորպլատոնականության փիլիսոփայությունը :
Նյութը `

Վերածննդի դարաշրջանում Պլատոնի և նորպլատոնական փիլիսոփայության վերածնությունը կապված է ֆլորենցյան նորպլատոնականների, հատկապես Մարսիլիո Ֆիչինոյի և Ջովանի Պիկո դելա Միրանդոլայի անվան հետ:
Մարսիլիո Ֆիչինոն (1433-1499) կրթություն է ստացել Ֆլորենցիայում և Պիզայում, որտեղ խորապես ուսումնասիրել է անտիկ փիլիսոփայությունը: 1462թվականին Ֆլորենցիայի թագավոր Կոզիմո Մեդիչիի հովանավորությամբ հիմնադրվում է Ֆլորենցիայի պլատոնական Ակադեմիան, որը շուրջ երեսուն տարի գլխավորում է Մարսիլիո Ֆիչինոն: Նա հունարենից լատիներեն է թարգմանում Պլատոնի, Յամբլիխոսի, Պորփյուրի, Պլոտինոսի, Կեղծ-Դիոնիսոս Արեոպագացու աշխատությունները, գրում «Հոգու անմահության մասին պլատոնյան աստվածաբանությունը», «Քրիստոնեական կրոնի մասին» և այլ երկեր:
Մարսիլիո Ֆիչինոն ձգտում էր համադրել նորպլատոնական և քրիստոնեական ուսմունքները: Նա քրիստոնյա էր, բայց իր աղոթքները նվիրում էր «աստվածային Պլատոնին» և մոմ էր վառում Պլատոնի կիսանդրու առջև: Ֆիչինոյի համար փիլիսոփայությունն աստվածաբանության աղախինը չէ, այլ «քույրը», որը մարդու համար բացահայտում է հավերժական ճշմարտություններ, մարդուն մերձեցնում Աստծուն:
Աստծո և աշխարհի, Միասնականի և բազումի հարաբերակցության հարցը Ֆիչինոն մեկնաբանում է նորպլատոնական հասկացություններով: Տիեզերքն առաջանում է Միասնականից արտահեղման ճանապարհով, որի ընթացքում գոյանում են կեցության հինգ աստիճաններ, որոնք հետևյալն են.
 «Աստված»` գոյություն ունեցող ամեն ինչի սկզբնապատճառը և աղբյուրը,
 «հրեշտակ» (կամ «միտք»)` իրերի արարմանը ենթակա ձևերի կենտրոնացումը,
 «համաշխարհային հոգի» (Բնություն) ` տիեզերքի անջրպետը, շարժման և կյանքի աղբյուրը,
 «որակ» ` «նյութի մեջ ներդրված ինչ-որ ուժ, որը նրան տեսք է հաղորդում» և նմանությունը,
 «մատերիա» (նյութ կամ «մարմնական զանգված») ` իրերի կեցության իրագործման պայմանը:
Բարձրագույն աստիճանն Աստվածն է, որից անհրաժեշտաբար բխում են հրեշտակները, համաշխարհային հոգին, որակը և մատերիան:
Այն աշխարհում, որտեղ Աստված «վերից վար է իջնում» դեպի իրերը, իրերը «վեր են բարձրանում» (խոյանում) դեպի Աստված: «Վերընթաց ու վարընթաց» ուղիներով տեղի ունեցող երկկողմանի պրոցեսները տիեզերքի կեցության աստիճանը միավորում են անքակտելի միասնության մեջ:
Անցումը Աստծուց իրերին ու մատերիային իրականացվում է «հրեշտակի» կամ «մտքի» միջոցով: «Հրեշտակի» մեջ Աստված ի սկզբանե «դրոշմում, ցայտուն պատկերում» է իրերի արարմանը ենթակա ձևերը: Նրանում ասես ինչ-որ հոգևոր ձևով ուրվագծվում է այն ամենը, ինչը մենք զգում ենք մարմիններում: Այդպես ծնվում են ամպերը, տարրերը, օդը, քարերի, մետաղների ձևերը, բույսերի ու կենդանիների տեսակները: «Մտքին» հատուկ են հանգստությունն ու մշտականությունը: Այն շարժուն է միայն այն իմաստով, որ «այլ իրերի նման ծագելով Աստծուց նրա մոտ էլ վերադառնում է»: Լինելով «ձևերի զետեղարան»` միտքը իրենով ներկայացնում է «անշարժ բազմաքանակություն»` աստվածային երանության և այն շարժուն ու փոփոխական բազմաքանակության առաջին «վարընթաց» աստիճանը, ինչպիսին իրականում հանդիսանում է իրերի ամբողջությունը:
Ըստ Ֆիչինոյի` կեցության տիեզերական հիերարխիայի բոլոր աստիճանների միասնականության ու դրանց կապերի մարմնացումն է հանդիսանում նրա միջին աստիճանը` «համաշխարհային հոգին» (Բնությունը): «Համաշխարհային հոգի» կամ պարզապես «հոգի» հասկացությունը կիրառվում է շարժումը, լինելիության վիճակը, «փուչ աշխարհում» կյանքը բացատրելու համար: Եթե «հրեշտակն իսկապես գոյություն ունի, այսինքն մշտապես առկա է», իսկ «որակը շարժվում է և երբեմն լինելիության վիճակում է գտնվում», ապա կեցության բարձրագույն աստիճաններից ցածրագույն աստիճաններին անցումը կարելի է մեկնաբանել միայն «միջին» հասկացությունը մտցնելու միջոցով: Այդ «միջինը» ինչ-որ բան է, որը միշտ լինելիության վիճակում է գտնվում և միշտ շարժվում է: Իր մեջ համադրելով կեցության հիերարխիայի հակադիր ծայրահեղ աստիճանները` հոգին իրենով ներկայացնում է դրանց դիալեկտիկական միասնությունը. այն ընդհանուր է և միաժամանակ (չլինելով ըստ նմանության իրերի բաժանման ենթակա) «կատարյալ բազմություն» է, այսինքն մի բազմություն, որն իրենով որոշում է իրերի ոչ կատարյալ բազմության կյանքն ու շարժումը: Հոգին իր մեջ ներառում է «աստվածային գոյերի կերպարները, որոնցից այն ծագում է» և «ցածրագույն իրերի կերպարները, որոնք ինչ-որ ձևով հենց ինքն է ստեղծում»: «Այսպիսով, ինչպես այն հանդիսանում է իրերի ճշմարիտ կապ, կարող է արդարացիորեն անվանվել Բնության կենտրոն, բոլոր իրերի միջին կետ, աշխարհի շղթա, բոլոր իրերի դեմք, աշխարհի կապ ու հանգույց»:
Աստծոն հակադրվող կեցության ցածրագույն աստիճանը «մատերիան» է կամ «մարմնական զանգվածը»: Մատերիան չունի ձև, սակայն ունի իրական գոյություն: Այն «մոտ է ոչնչին», սակայն «ոչինչ» չէ, քանի որ հանդիսանում է նյութական աշխարհի բոլոր իրերի հիմքը:
Նշենք, որ տիեզերական աստիճանակարգությունը դինամիկ բնույթ ունի. յուրաքանչյուր աստիճան գտնվում է շարժման մեջ և կապված է մյուս աստիճանի հետ: Դրանում մեծ է համաշխարհային հոգու դերը, որն ապահովում է անցումն անշարժ ու անփոփոխ Միասնականից դեպի բազմազանությունը: Հոգին շարժման ու կենդանության աղբյուրն է, կեցության աստիճանների դիալեկտիկական միասնությունն ապահովող «միջնորդ» օղակը:
Գոյերի փոխադարձ կախվածությունը Ֆիչինոն անվանում է սեր, որը, ներթափանցելով բոլոր գոյերի, կեցության բոլոր աստիճանների մեջ, ապահովում է տիեզերական ներքին ներդաշնակությունը և կարգավորվածությունը: Սերը տիեզերքում դրսևորվող գեղեցկությունն է, որն ունի աստվածային ծագում: Զգայական-նյութական իրերի մեջ մարմնավորված գեղեցիկն արտահայտում է աստվածայինի գեղեցկությունը: Մարսիլիո Ֆիչինոյի կարծիքով՝ տիեզերքում աստվածայինը ներկայանում է նաև լույսի ձևով: Միասնական լույսով են ներթափանցված կեցության բոլոր աստիճանները և բոլոր գոյացությունները: Սերը, գեղեցկությունը և լույսը նրա փիլիսոփայության մեջ արտահայտում են Աստծո և տիեզերքի օրգանական միասնությունը:
Ֆիչինոն աստվածացնում է բնությունը, դրան վերագրում արարելու հատկություն: Հումանիստ մտածողն աստվածացնում է նաև մարդուն, նրան դիտում որպես տիեզերական աստիճանակարգության կենտրոնական օղակ: Դա պայմանավորված է մարդու ճանաչողական ունակությամբ: Մարդու հոգին համաշխարհային հոգու մի մասնիկն է, ուստի ի վիճակի է ճանաչելու կեցության բոլոր աստիճանները: Ճանաչողության անսահմանությունը մարդուն մերձեցնում է Աստծուն:
Նշենք, որ Բնության և Աստծո նույնականության մասին պատկերացումը Ֆիչինոյին բոլորովին չի հանգեցնում բնապաշտական պանթեիզմին (համաստվածությանը). «Մեզ խաբում է երևակայությունը, երբ մենք պատկերացնում ենք, որ Աստված իրենով լցնում է բացարձակապես ամեն ինչ, քանի որ այդ դեպքում երևակայությունը մեզ ներշնչում է, որ Աստված ինչ-որ ձևով խառնվում է իրերում: Իսկ իրականում Աստված առկա է ամենուր այնպես, որ նրանում պարունակվում է այն, ինչն անվանվում է «ամենուր», դեռ ավելին ներշնչում է նաև, որ Աստվածը` ինքը, հենց այդ «ամենուր»-ն է, որն իրենով ընդգրկում է իրեն և մնացած ամեն ինչը»: Ուստի Աստվածն այն պատճառով է առկա բոլոր իրերում, որովհետև նրանք գտնվում են նրանում, հակառակ դեպքում դրանք չէին գտնվի ոչ մի տեղ և ընդհանրապես գոյություն չէին ունենա: «Ոչ թե Աստված է տարածվում աշխարհում, այլ աշխարհն է հնարավորության սահմաններում տարածվում Աստծո մեջ», – այսպիսին է Ֆիչինոյի հիմնական եզրակացությունը, որը վկայում է Ֆիչինոյի` ավելի շատ միստիկական (առեղծվածային), քան բնապաշտական պանթեիզմին հակված լինելու մասին:
Պաշտպանելով բնածին գաղափարների վերաբերյալ պլատոնյան տեսությունը՝ Ֆիչինոն առաջնային տեղ է հատկացնում ինքնաճանաչողությանը, հոգու մեջ անթեղված գիտելիքի բացահայտմանը: Նա ռացիոնալ փաստարկներով հիմնավորում է հոգու անմահության գաղափարը և այդ կապակցությամբ քննադատում էպիկուրականների և ավեռոիստների տեսակետները:
Աստվածացնելով մարդուն՝ Ֆիչինոն նրան վերագրում է ազատության, անսահման ճանաչելու և ստեղծագործելու կարողություն: Ֆիչինոյի համոզմամբ՝ մարդը երկրային կյանքում հասնում է կատարյալ երջանկության, իսկ հանդերձյալ աշխարհում՝ բարձրագույն երանության: Մարդու բարոյական ինքնակատարելագործման ուղին նա տեսնում է մտային գործունեության՝ հայեցողության մեջ: Սակայն այդ հայեցողությունը ոչ թե կրավորական, այլ ստեղծագործական բնույթ ունի: Մարդը կոչված է արարելու, նոր արժեքներ ստեղծելու և ներդաշնակորեն զարգացնելու իր բնության զգայական, բնական ու բանական կողմերը: Պատահական չէ, որ նա իր ժամանակաշրջանը բնութագրում է որպես Ոսկեդար՝ հայտնագործությունների, նվաճումների և խիզախումների դարաշրջան:

Օգտագործված գրականություն

1. Փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ, Երևան 1979թ.
2. Սերյան Զաքարյան «Փիլիսոփայության պատմություն», 1998 թ.
3. թցՐպՉՌփ կ.հ., ԾՌՐ ՒՌսՏրՏՒՌՌ, փ. 2, Ծ., 1991

Leave a Reply