Lezu / Լեզու

Xosqeri poxakerpumner , poxancumner . / Խոսքերի փոխակերպումներ, փոխանցումներ:
Նյութը `

Բառային հիմնական ֆոնդի և բառային կազմի մեջ կատարվող փոփոխություններն ու փոխազդեցությունները պայմանավորված են գլխավորապես լեզվի զարգացման օբյեկտիվ գործոններով: Մինչդեռ գործուն և ոչ ործուն բառապաշարները սուբյեկտիվ կարգեր են: Դրանց գոյության փաստը, ինչպես և փոխազդեցություններն ու դրանցում կատարվող փոփոխությունները անմիջականորեն առնչվում են լեզուն կրողների, լեզվական հանրության հետ:
Գործուն (ակտիվ) բառապաշարի մեջ մտնում են ամենօրյա գործածական այն բառերը, որոնց իմաստներն հասկանալի են տվյալ լեզվով խոսող մարդկանց հանրությանը: Դրանք այն բառերն են, որոնք որևէ լեզվով խոսողը ոչ միայն հասկանում, այլև ակտիվ կերպով գործածում է իր ամենօրյա հաղորդակցման ընթացքում:
Ժամանակակից հայոց լեզվի բառային կազմի հիմնական, անհրաժեշտ մասը (մոտավորապես այն, ինչ համարվում է հիմնական բառաֆոնդ) այս կամ այ չափով ընդհանուր է ակտիվ բառապաշարի հետ:
Ոչ գործուն բառապաշարն, իբրև սուբյեկտիվ կարգ, տարբեր է հասարակական առանձին խմբերի, անգամ տարբեր անհատների համար: Նրա ծավալը և բնույթը կախված է անհատի կրթության և ընդհանուր զարգացածության մակարդակից, մասնագիտությունից և սուբյեկտիվ այլ հանգամանքներից: Մյուս կողմից, հայերեն խոսողների այս կամ այն խմբերին, իրենց մասնագիտությանը կամ զբաղմունքին համապատասխան` հատուկ են որոշ բառեր և արտահայտություններ, որոնք նույնպես մտնում են նրանց գործուն բառապաշարի մեջ:
Ոչ գործուն բառապաշարի մեջ մտնում են այն բառերը, որոնք տվյալ լեզվով խոսողը հասկանում է, դրանց իմաստները կարող է հասկանալ կամ գլխի ընկնել համատեքստից: Այդ բառերը, սակայն, նա կարող է ընդհանրապես չգործածել կամ սակավ գործածել: Այս կարգի բառերից շատերը մարդու գիտակցության մեջ երևան են գալիս կամ հիշվում են ընթերցանության ժամանակ կամ լսվում են ուրիշներից: Դրանք հիմնականում հասկանալի, ծանոթ, բայց խոսողի կողմից ամենօրյա հաղորդակցման ժամանակ չգործածվող բառերն են:
Ոչ գործուն բառապաշար են կազմում այն բառերը, որոնք տվյալ անհատի կամ հասարակական խմբի ամենօրյա կատիվ բառապաշարի մեջ չեն մտնում. դրանք կարող են վերաբերել նրանց անծանոթ մասնագիտական տերմինաբանությանը կամ կարող են արտահայտել հուզաարտահայտչականտարբեր գունավորումներ, ինչպես նաև ունենել հնացածության գունավորումը (այս կամ այն բառերը նշանակող հասկացությունների հնանալու կապակցությամբ վերջիններս մահացման եզրին են գտնվում և լեզվում հազվադեպ գործառություն ունեն): Մյուս կողմից այս կարգի շատ բառեր իրենց նորությամբ լեզվում դեռևս քաղաքացիության իրավունք ձեռք չբերելով և լայն ժանաչման չարժանանալով` ամենօրյա գործածություն չունեն: Հատկանշական է նաև այն, որ մշտական փոխազդեցության և փոխլրացման անընդհատ փոփոխման մեջ գտնվելու կապակցությամբ գործուն և ոչ գործուն բառապաշարների սահմանները նույնպես փոփոխական են:
Ոչ գործուն (պասիվ) բառապաշարը ստորաբաժանվում է նորաբանությունների և հնաբանությունների:

Հնաբանությունները ժամանակակից հայերենում

Հայերեն հնաբանություն տերմինը կազմված է ՈՐւՈՌջՎ բառի հիման վրա (ծագում է հունարեն archois – հին բառից):
Հնաբանություն են համարվում լեզվի զարգացման տվյալ փուլի համար հնացած, ակտիվ գործածությունից դուրս եկած բառերն ու դարձվածքային միավորները:
Հնաբանություններն ակտիվ գործածությունից դուրս եկած բառերն ու դարձվածքային այնպիսի միավորներ են, որոնք սովորաբար ընկալվում են իբրև լեզվի զարգացման ավելի վաղ շրջանի մնացուկ: Հնաբանությունները քանակապես զիջում են նորաբանություններին և, որպես կանոն, լեզվի գործուն բառապաշարից փոխանցվում են ոչ գործուն բառապաշարին:
Հնաբանությունները ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.
1.Բառային հնաբանություններ: Բառային հնաբանություններ են համարվում այն բառերը, որոնք տարբեր պատճառներով ժամանակակից հայոց լեզվի ակտիվ գործածությունից դուրս են մնացել:
ա) Այս կարգի հնաբանությունների մեջ առանձին խումբ են կազմում այն բառերը, որոնք արդեն հնացած են համարվում հասարակական կյանքում և կենցաղում, գիտության և արտադրության մեջ դրանց համապատասխան հասկացությունների վերացման կապակցությամբ:
բ) Առանձին խումբ են կազմում այն հնաբանությունները, որոնք ժամանակակից հայերենում ունեն իրենց համապատասխան հոմանիշները կամ համապատասխանությունները: Այս կարգի հնաբանությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ ոչ թե վերացել են դրանց համապատասխանող հասկացությունները, այլ այդ բառերը հնանալով` իրենց տեղը զիջել են նորերին, համապատասխան հասկացություններն արտահայտող նույնանիշ բառերին կամ բառային կրկնակներին:
2. Պատմական բառեր: Բառային հնաբանության առանձին տեսակ պետք է համարել պատմական բառերը (իստորիզմներ): Դրանք հնացած այն բառերն են, որոնք հասարակության պատմական զարգացման հետևանքով համապատասխան հասկացությունների վերացման կամ ծավալի փոփոխման կապակցությամբ լեզվական ակտիվ գործածությունից դուրս են եկել: Այս կարգի բառերը որոշ չափով մոտ են կանգնած բառային հնաբանությունների նախորդ խմբերին, բայց տարբերվում են նրանցից:
Հատկանշական է նաև այն երևույթը, որ շրջանառությունից դուրս եկած, այսպես կոչված որոշ հնացած բառեր որոշ ժամանակ անց` «վերակենդանանալով» նույն կամ մոտ իմաստներով վերստին սկսվում են գործածվել լեզվում:
3. Հազվադեպ գործածվող բառեր: Ոչ գործուն բառապաշարի մեջ առանձին խումբ են կազմում այն բառերը, որոնք լեզվում հազվադեպ գործածություն ունեն: Այս կարգին են պատկանում ինչպես հնացած կամ անգամ` նորակազմ այն բառերը, որոնք մարդու կենսագործունեության, նրա հասարակական և անձնական կյանքի համար ոչ այնքան անհրաժեշտ հասկացությունների բառային համապատասխանություններն են, ինչպես նաև գրավոր և բանավոր խոսքում քիչ տարածված բարբառայնություններն ու օտարաբանությունները, հուզաարտահայտչական վառ գուավորմամբ բառեր և գռեհկաբանություններ:
Այսպիսի բառերի մեջ կան նաև գրաբարից փոխանցված այնպիսի բառեր, որոնք գրաբարյան շրջանում էլ հազվադեպ են գործածվել:
Հնաբանություններն ունեն որոշակի ոճական արժեք և գործածվում են պասիվ բառապաշարում: Ինչպես հնաբանությունների, այնպես էլ պատմական բառերի զգալի մասը գործածվում է գեղարվեստական և գիտապատմական գրականության մեջ առաջինում` որպես գեղարվեստական պատկերավորման միջոց, ոճական արժեք, երկրորդում դեպքում` նրանք ծառայում են որպես անցած պատմական դարաշրջանների համապատասխան հասկացությունների անվանման միջոց` այս կամ այն պատմական դարաշրջանը պատկերելու համար:
Հնաբանություների և պատմական բառերի արժեքը լեզվում այն է, որ այդ կարգի բառերը խոսքի ոճավորման համար գործածվում են.
ա) դարաշրջանի պատմական բներանգը վերականգնելու համար (պատմական բնույթի գեղարվեստական ստեղծագործություններում)
բ) գեղարվեստական խոսքին հանդիսավորություն, հուզաարտահայտչական երանգ տալու համար (չափածո և հրապարակախոսական գործերում, ճարտասանության մեջ, հռետորական ելույթներում),
գ) զավեշտական, հեգնական, երգիծական տպավորություն ստեղծելու համար (ֆելիետոնային, պամֆլետային, երգիծական ստեղծագործություններում),
դ) գեղարվեստական ստեղծագործության կերպարների խոսքային բնութագրման համար,
ե) պատմական տվյալ դարաշրջանի հասկացությունների անվանման համար (պատմափիլիսոփայական, գիտական գրականության մեջ):
Ինչպես յուրաքանչյուր գիտաճյուղ, այնպես էլ ոճագիտությունը (ոճաբանությունը) ունի իր ուսումնասիրության խնդիրները, նպատակները, իր ուսումնասիրության ելակետն ու որոշակի սահմանները:
Ոճագիտության ուսումնասիրության ոլորտը, նրա սահմանները համեմատաբար ավելի լայն են, տարողունակ, քանի որ տվյալ դեպքում լեզվի կամ խոսքի ոճագիտությունն ուսումնասիրում է և հնչյունը, և բառն ու բառակապակցությունը, և նախադասությունը, և խոսքի դրսևորման տարբեր ձևեր ու եղանակները (այդ թվում նաև գեղարվեստական լեզուն, նրա խոսքարվեստը և այլն):
Ոճագիտության ուսումնասիրության ոլորտում ընդգրկվում են լեզվական բոլոր միավորները` սկսած լեզվի նվազագույն տարրերից մինչև խոսքի ամենաբարձր մակարդակը` իրենց պատկերավոր, արտահայտչական և հուզական երանգվորումներով:
Լեզվական յուաքանչյուր միավոր ոճագիտությանը հետաքրքրում է զուտ հուզական, արտահայտչական կամ գեղագիտական սկզբունքներով: Ըստ որում ոճագիտության քննության առարկա կարող են դառնալ ոչ միայն լեզվի նյութական տարրերը, բաղադրիչները (հնչյուն, բառ, շարույթ և այլն), այլև քերականական (ձևաբանական, շարահյուսական) բազմաթիվ իրողություններ (հոլովում, խոնարհում, հնչերանգ, նախադասության կառույցներ, շարադասություն, զեղչում և այլն):
Հաղորդակցման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև խոսքային իրադրությունն ու պայմանները: Այս դեպքում արդեն խոսքի կառուցվածքը և ընդհանրապես լեզվական միջոցների ընտրությունն ամենից առաջ պետք է պայմանավորված լինի խոսքային տվյալ իրավիճակով, հաղորդման նպատակադրմամբ և մանավանդ հաղորդակցման գործընթացի մասնակիցների փոխհարաբերությամբ: Արտահայտման համապատասխան եղանակը, լեզվական միջոցների յուրահատուկ, նաև` գիտակցաբար ընտրությունը պայմանավորված է խոսքային տվյալ իրադրությամբ և հանգեցնում է ոճերի իրադրական դասակարգմանը: Ոմանք ոճական այս տարբերակը համարում են ոչ թե ոճեր, այլ ոճական երանգավորումներ, որոնք հաճախ ներկայացվում են անև «ոճ» անվանումով:

Leave a Reply