Lezu / Լեզու

Ughaxosutyun ev ughagrutyun . / Ուղղախոսություն և ուղղագրություն :
Նյութը `

Ուղղախոսությունը ընդգրկում է գրական լեզվի բանավոր խոսքի պատմականորեն ձևավորված արտասանական նորմաները: Այն միաժամանակ սահմանում է միասնական գրական արտասանություն: Այդ առումով էլ ուղղախոսությունը նորմավորված գրական արտասանության կանոնների ամբողջություն է: Նրա հիմքում ընկած է բնիկ հայկական և փոխառյալ բառերում առանձին հնչյունների և հնչյունակապակցությունների արտասանությունը, որ պայմանավորված է ժամանակակից հայոց լեզվի հնչյունական համակարգում այդ միավորների փոխազդեցությամբ առաջացած օրինաչափություններով:
Այսպիսով, ուղղախոսությունը լեզվի զարգացման տվյալ փուլում բանավոր խոսքում բառերի գրական նորմավորված, այսինքն գրական լեզվի պահանջների տեսակետից ընդունված, ճիշտ արտասանությունն է: Այդ նշանակում է, որ այն պետք է զերծ լինի բարբառային, անհատական, ինչպես և լեզվի համակարգին խորթ՝ օտար արտասանությունից:
Ուղղախոսական նորմաների մշակման, միօրինականացման գործընթացի վրա տարբեր ժամանակներում իրենց հետքն են թողել նաև հայերենի ուղղագրության նորմավորման որոշ հարցերի հետ կապված դժվարությունները, որոշ բառերի ուղղագրության անմիօրինակության, զուգահեռ ձևերի առկայության դեպքերը, ուղղագրության վերանայման, վերափոխման և բարեփոխման հետ կապված հարցերը:
Արդի փուլում ժամանակակից հայերենի գրական արտասանության հիմնական միտումներն ընթանում են ուղղախոսական կանոնների պարզեցման ուղղությամբ: Միաժամանակ աստիճանաբար նվազում և վերացման ընթացքում են գտնվում արտասանական տարբերակները, բարբառային և օտար արտասանությունը, նկատվում է նաև բանավոր խոսքի մոտեցում գրավոր խոսքին, արտասանության «գրքայնացման» որոշ միտում:
Ժամանակակից հայերենի գրական արտասանության կատարելագործման գործընթացն ընթանում է հետևյալ ուղղությամբ.
ա) Կատարվում է գրական արտասանության միօրինականացում: Այդ նշանակում է, որ աստիճանաբար վերանում են կամ վերացման եզրին են գտնվում արտասանական տարբերակները:
բ) Տեղի է ունենում գրական արտասանության աստիճանական տարածում: Այդ նշանակում է, որ գրական արտասանությունը իր մեջ է առնում հայոց լեզվով խոսող հանրության ավելի լայն զանգվածներն ու բոլոր խավերը և ձգտում է դառնալ ժողովրդի բանավոր խոսքի միակ ձևը:
գ) Գրական արտասանությամ աստիճանական տարածման ընթացքում իրագործվում է համապատասխանաբար բարբառային և օտար արտասանության աստիճանական նվազում և ապա նաև վերացում:
Ուղղագրության հիմքում ընկնած են մի քանի սկզբունքներ՝ հնչյունաբանական, ձևաբանական, ստուգաբանական և ավենդական:
Ժամանակակից հայոց լեզվի ուղղագրության հիմքում ընկած են հիմնականում պատմական կամ ավանդական և հնչունական սկզբունքները:
Պատմական կամ ավանդական սկզբունքը ենթադրում է բառերի այնպիսի ավանդական գրություն, երբ բառերի տառային կազմը համապատասխանում է ոչ թե նրանց ժամանակակից, այլ հին, մեր ժամանակներում արդեն հնացած արտասանությանը:
Հնչյունական սկզբունքն ընդունում է բառերի այնպիսի գրություն, երբ բառերի տառային կազմը առավելագույն չափով մոտենում է նրանց հնչյունական կազմին: Այս դեպքում տառերը դրվում են նրանց հնչման համաձայն:
Հնչյունական կամ ավանդական ուղղագրության դեպքում հաճախ հնարավոր չէ խուսափել ստուգաբանական սկզբունքից, և գրության ժամանակ հաշվի է առնվում նաև բառի ծագումն ու նրա նախնական կազմությունը:
Հնչյունական գրությունը հիմնականում բխում է արտասանությունը գրքայինին մոտեցնելու միտումից:
Ձայնավորների ուղղագրությունը:
1) Ա,ի, ու ձայնավորները հնչվում և գրվում են ա, ի, ու: Օրինակ՝ առու, բարակ:
2. ա) է տառը գրվում է բատռասկզբում, եթե լսվում է է. էակ. էշ, էջ, էքսկուրսիա:
բ) Բառամիջում և բառավերջում է գրվում է այն դեպքում, երբ բաղադրության մեջ մտնող բաղադրիչի սկզբնատառն է կամ բաղադրիչ արմատը. վայրէջք, անէանալ:
գ) Մյուս բոլոր դեպքերում բառամիջում, երբ լսվում է է, գրվում է ե տառը. բերել:
3. ա) Բառասկզբում ե տառը գրվում է, երբ արտասանվում է յե երկհնչյունը. երգ:
բ) Բառամիջում յե երկհնչյունը լսվելիս ե գրվում է այն դեպքում, երբ հանդես գալով բաղադրության կազմում՝ հաջորդում է ձայնավորով վերջացող բաղադրիչի:
4. ա) Բառասկզբում գրվում է օ տառը, երբ լսվում է օ. օդ, օր, օրենք, օրորոց.
բ) Բառամիջում օ գրվում է այն դեպքում միայն, երբ բաղադրության մեջ մտնող բաղադրիչ բառի (արմատի) սկզբնատառն է. անօրինական, ապօրինի, այսօր, ոսկեօղ:
գ) Մյուս բոլոր դեպքերում, երբ լսվում է օ ձայնավորը, գրվում է ո տառը. սովորել:
5. ա) Բառասկզբում ո տառը գրվում է այն դեպքում, երբ արտասանվում է վո հնչյունակապակցությունը. ոխ, որ, ոմ, ողորմելի, որոշել, որակ, որմնադիր, որակ, ողջույն: Բացառություն են կազմում ով, ովքեր բառերը, լսվում է օ, բայց գրվում է ո:
բ) Ռուսերենից և օտար լեզուներից փոխառնված բառերում (հիմնականում հատուկ անուններում) բառասկզբում լսվող վո կապակցությունըը գրվում է վո. վոլեյբոլ:
գ) Հին փոխառյալ անունները այս կանոնին չեն ենթարկվում, գրվում է ո, արտասանվում է վո. Ոդիսևս, Որմիզդուխտ, Ոդիսական:
դ) Բառամիջում վո կապակցությունը լսվելիս ո է գրվում այն դեպքում, երբ բաղադրության մեջ նրանով սկսվող բառը հաջորդում է ձայնավորով վերջացող բաղադրիչի. ամոնաողորկ, կիսաողորկ, ամենաորակյալ, արփաորս, ենթաորովայնային:
6. Ը տառը գրվում է բառասկզբում ըստ, ընդ նախդիրներում, ղ, մ, ն բաղաձայներից առաջ ը արտասանվող բառերում: Այդ ը-ն պահպանվում է այդ կարգի բառերով կազմված բաղադրություններում. անընդմեջ, անըմպել, դասընկեր:
7 ա) Յ ձայնակապը գրվում է միայն ա և ո տառերից հետո, երբ նրանց հաջորդումէ որևէ ձայնավոր. տղա-տղայի, երեկո-երեկոյիմ գնալ-գնայի, շղթա-շղթայի:
բ) Յ ձայնակապը չի գրվում -ամենա, -ենթա, -ինքնա, -հակա, -կիսա բաղադրչներով կազմված բառերում. ամենաընտիր, ինքնասեր, կիսաեփ, հակադիր:
գ) Է և ի ձայնավոր հնչյուններին համապատասխանող տառերը հաջորդ ձայնավոր հնչյուններին համապատասխանող տառերին միանում են առանց յ ձայնակապի և կազմում են էա, էո, էի, էու, իա, իի, իո, իու տառակապակցությունները:
Բաղաձայնների ուղղագրություն
1. ա) ր ձայնորդից հետո լսվող փ հնչյունը գրվում է փ տառով հետևյալ բառերում. արփի, երփն, տարփանք, թարփ, փրփուր, Արփիար:
բ) Մյուս բոլոր բառերում ր-ից հետո լսվող փ հնչյունը գրվում է բ տառով. նուրբ:
գ) Ձայնավորներից կամ մ ձայնորդից հետո լսվող փ հնչյունը գրվում է բ տառով հետևյալ բառերում. խաբել, շաբաթ, հարբել, Հակոբ, Համբարձում, համբերել, համբուրել:
դ) Բոլոր մյուս բառերում փ հնչյունը գրվում է փ տառով. դափնի, փափագ և այլն:
2. ա) Ր ձայնորդից հետո թ հնչյունը գրվում է թ տառով հետևյալ բառերում և դրանցով կապված բաղադրություններում. թարթել, թերթ, լուրթ, խորթ, խրթին, քերթել…
բ) Մյուս բոլոր բառերում ր ձայնորդից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով:
գ) Ն ձայնորդից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով հետևյալ բառերում. անդամ, խնդիր, կենդանի, ընդամենը, ընդհանուր, ընդունակ, ընդունել:
դ) Մյուս բոլոր բառերում ն-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է թ տառով. հակինթ:
ե) այնավորից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով հետևյալ բառերում. դադար, գդակ, դդում, վառոդ, օդ, Թադևոս, գդակ:
զ) Մյուս բոլոր բառերում թե՛ ձայնավորից, թե՛ բաղաձայններից առաջ կամ հետո լսվող թ հնչյունը գրվում է թ տառով. գաթա, թաս, թեթև, թռիչք, թվանշան, պոռթկալ:
3. ա) Բառասկզբում, բառամիջում ձայնավորից առաջ և բառավերջում լսվող խ հնչյունը գրվում է խ տառով. խաղող, խիզախ, կախել, բաբախել, ուրախ, խոնարհ:
բ) Բաղաձայնից առաջխ հնչյունը գրվում է խ տառով հետևյալ անհնչյունափոխ բառերում. ախտ, ապուխտ, բախտ, բախտակ, գխտոր, դժոխք, ժխտել, լախտ, խախտել, խրոխտ, ծախք, կխտար, կմախք, հախճապակի, նախկին, վխտալ, ուխտ…
գ) Բոլոր մյուս բառերում բաղաձայնից առաջ լսվող խ հնչյունը գրվում է ղ տառով. առողջ, աղքատ, աղտ, կեղտ, ծաղկանոց, թղթապանակ, սանդուղք, ընձուղտ, դեղձ:
4. ա) Ր ձայնորդից հետո չ հնչյունը գրվում է չ տառով. դարչին, չարչի, վարչ բառերում և իչ-ով կազմված բաղադրյալ բառերի հնչյունափոխված ձևերում. նկարիչ.
բ) Բոլոր մյուս բառարմատներու ր-ից հետո լսվող չ հնչյունը գրվում է ջ տառով. արջ:
գ) Ղ-ից հետո չ հնչյունը գրվում է չ տառով միայն զեղչել բառում; Մնացած դեպքերում ղ-ից հետո չ հնչյունը գրվում է ջ տառով. աղջիկ, առողջ, զղջալ, աղջամուղջ:
դ) Ձայնավորից հետո լսվող չ հնչյունը գրվում է ջ տառով հետևյալ բառերում նրանցով կազմված բաղադրություններում. առաջ, արջ, ace, մեջ, առաջնորդ, միջամտել:
ե) Բոլոր մյուս բառերում, որոնք նախորդ կանոնի մեջ չեն մտնում, չ հնչյունը գրվում է չ տառով. աչք, չափել, կանչել, չարչարվել, ճանաչել և այլն:
5. ա) Պ լսվող հնչյունը գրվում է բ տառով՝ աղբ, եղբայր, աղբյուր, ողբ բառերում:
բ) Բոլոր մյուս դեպքերում պ հնչյունը գրվում է պ տառով. պարապ, պարել, ապակի:
6. ա) Ր ձայնորդից հետո ց հնչյունը գրվում է ց տառով հետևյալ բառերում՝ ապաթարց, արցունք, ընթերցել, հարց, մրցել, պախուրց, տրցակ, ցրցամ, ուրց, Արցախ:
բ) Բոլոր մյուս դեպքերում և ձայնորդից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով:
գ) Ղ-ից հետո ց տառով գրվում են միայն աղցան, քաղց, քաղցր, քաղցկեղ, քաղցու բառերը: Բոլոր մյուս բառերում ց նչյունը ղ-ից հետո գրվում է ձ տառով. օձ, իղձ, դաղձ…
դ) Այն մյուս բոլոր դեպքերում, որոնք չեն մտնում նախորդ կանոնի մեջ, ց հնչյունը գրվում է ց տառով. գնացք, ցտեսություն, սառույց, հացթուխ, փոցխ, կառուցել, մրցակից:
7.ա) Ր ձայնորդից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով հետևյալ բառերում. երգ, թարգման, կարգ, մարգագետին, մարգարե, մարգարիտ, միրգ, պարգև, Մարգար, Սարգիս:
բ) Բոլոր մյուս բառերում ր-ից հետո լսվող ք հնչյունը գրվում է ք տառով. արքա:
գ) Ձայնավորից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով հետևյալ բառերում. ավագ, գոգ, կարագ, վարագույր, օգուտ, ձագ, ձգել, հագնել, ծագել, թագավոր,, զուգել…
դ)Ն ձայնորդից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով. անգամ բառում:
ե) Բոլոր մյուս բառերում, որոնք նախորդ կանոնների մեջ չեն մտնում ք հնչյունը գրվում է ք տառով. առաքել, մերոնք, շքեղ, ցամաք, քրտինք, մորմոքել, հանք, ժանիք:
8. ա) Բառասկզբում ր գրվումէ միայն րոպե, Րա‎ֆֆի և րաբունի բառերում: Բոլոր մյուս բառերի սկզբում արտասանվում և գրվում է ռ. ռամիկ, ռադիո, ռետին, ռանչպար:
բ) Ն ձայնորդ բաղաձայնից առաջ ր գրվում է ինտերնացիոնալ բառում: Մյուս դեպքերում Ն-ից առաջ ր կարող է գրվել միայն այն ժամանակ, երբ ր և ն բաղաձայնների միջև եղած ձայնավորը սղվում է. արյուն-արնաներկ, արնագույն, վերին, վերնահարկ: Մյուս բոլոր դեպքերում ն-ից առաջ գրվում է ռ. առնել, դառնալ, դռնապան, սպառնալ, ընթեռնել:
գ) Ուրիշ բաղաձայններից առաջ ռ գրվում է.
– Հետևյալ բառերում. առջև, առվույտ, կառչել, խռպոտ, թռչել, կռթնել, կռվան, հռչակ, հուռթի, սառչել, ուռկան, ուռճանալ, ուռչել:
– Այն դեպքերում, երբ ռ-ի և բաղաձայնի միջև եղած ձայնավորը սղվում է. սառույց-սառցաբեկոր, սառնարան,առում-առման, եռում-եռման, առիթ-առթիվ:
– Այն դեպքերում, երբ ռ-ով վերջացող բառով նոր բառեր են կազմվում. կառք
– Նմանաձայնությամբ կազմված բառերում. գոռգոռալ, դռդռալ, կռկռալ, հռհռալ:
-Ռ-ով վերջացող արմատի կրկնությամբ կազմված բառերում առաջին ռ-ն փոխարինվում է ր-ով. բարբառ, թրթիռ, մրմուռ, սարսուռ, կարկառել:
– Ր-ով վերջացող բառերի կրկնությամբ կազմված բառերում ր-ն անփոփոխ է մնում. թրթուր, խորխորատ, քարքարոտ, փորփրել:
9. ա) Բառասկզբում լսվող հ հնչյունը գրվում է հ տառով. հարկ, հայր, համար, հիմա:
բ) Բառամիջում և բառավերջում ր ձայնորդից հետո չի արտասանվում կամ թույլ է արտասանվում, բայց գրվում է հ տառը հետևյալ բառերում. խոնարհ, ճանապարհ, շնորհք, աշխարհ, արհամարհել, արհամարհանք, և դրանցով կազմված բաղադրություններում:
Եվ-ի ուղղագրությունը. և տառի փոխարեն եւ տառակապակցությամբ գրվում է
ա) և տառը մեծատառ գրվելու դեպքում. Եվա, Եվրոպա.
բ) Եվ-ով սկսվող հատուկ անուններից կազմված բառերում հնդեվրոպական.
գ) Եթե բաղադրության մեջ է (ե)-ից հետո լսվող վ-ն հաջորդ բաղադրիչի սկզբնատառն է. գերեվարել, գինեվետ, կարեվեր, ագեվազ, հոգեվարք, դափնեվարդ.
դ) Բառի վանկատման ժամանակ. բա-րե-վել, կա-րե-վոր, հա-րե-վան:

Leave a Reply