Iravagitutyun / Իրավագիտություն

Mijazgayin gorcarar haraberutyunneri iravakan kargavorman himnaxndir@ qaxaqakan popoxutyunneri hamateqstum. / Միջազգային գործարար հարաբերությունների իրավական կարգավորման հիմնախնդիրը քաղաքական փոփոխությունների համատեքստում :
Նյութը`

Միջազգային տնտեսական իրավունքը միջազգային իրավունքի սուբյեկտների միջև միջազգային տնտեսական հարաբերությունների բնագավառում իրենց գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի համակցությունն է: Միջազգային տնտեսական իրավունքը կարգավորում է միջազգային տնտեսական հարաբերությունների տարբեր ոլորտներ, և դա պայմանավորում է նրա ենթաճյուղերի առկայությունը`
1. միջազգային առևտրային իրավունքը, որի շրջանակներում կարգավորվում է ապրանքների միջազգային շարժը, ներառյալ ծառայությունների և իրավունքների առևտուրը.
2. միջազգային ներդրումային իրավունքը, որի շրջանակներում կարգավորվում է ներդրումների (կապիտալների) միջազգային շարժը.
3. միջազգային տնտեսական օգնության իրավունքը` ապրանք չհանդիսացող նյութական և ոչ նյութական ռեսուրսների շարժը կարգավորող նորմերի համակցությունը.
4. միջազգային աշխատանքային իրավունքը, որի շրջանակներում կարգավորվում է աշխատանքային ռեսուրսների` աշխատուժի միջազգային շարժը[1]:
Գլոբալիզացիայի վերաբերյալ տարբեր հեղինակներ տարբեր մեկնաբանություններ են ներկայացնում: Յու. Ֆյոդորովը գրում է. «Ավելի հաճախ գլոբալիզացիայի երևույթը կապում են ինտեգրման որակապես նոր մակարդակների, աշխարհի ամբողջականության և փոխկապվածության հետ»: Գ. Շիրոկովը գրում է. «Գլոբալիզացիան` որպես աշխարհատնտեսական, աշխարհաքաղաքական երևույթ, բոլոր երկրների կենսագործունեության վրա մեծ ազդեցություն է թողնում»: Գլոբալացման ժամանակակից գործընթացներում միջազգային գործարարական հարաբերությունների իրավական կարգավորման հիմնախնդիրները կենտրոնական տեղ է զբաղեցնում, քանի որ ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները որոշիչ ազդեցություն են ունենում այդ հարաբերությունների զարգացման վրա: Այս համատեքստում տնտեսական կապերի տեսակները` կամ զուգորդում են առևտրային կապերին (փոխադրումներ, ապահովագրություն, հաշվարկներ), կամ ներառում են առևտրի տարրեր (գիտատեխնիկական համագործակցություն, արտադրական համագործակցություն): Իրենց վրա կրելով քաղաքական փոփոխությունների ազդեցությունը` համագործակցությունը զարգացող երկրներում դառնում է անկայուն գործողություններ ենթադրող համակարգ:
Քաղաքական փոփոխությունը` որպես հանրային կառավարման ինստիտուտների որակական զարգացման բազմաչափ գործընթաց, կապված լինելով քաղաքական դերակատարների տեղաշարժի և դիրքային տեղափոխության հետ, ունի սոցիոմշակութային և էթնոմշակութային արժեքային կողմնորոշիչներ: Քաղաքական փոփոխությունները մի կողմից ենթադրում են հասարակական փոփոխություններ` կապված քաղաքական իշխանության իրականացման մեխանիզմի հետ, իսկ մյուս կողմից` ինստիտուցիոնալ ներքին կառուցվածքային բարեփոխումներ կամ որակական կերփափոխումներ` պայմանավորված արդիական հասարակության անցման տրամաբանությամբ: Քաղաքական փոփոխությունները ենթադրում են տարաբնույթ բարեփոխումներ, հեղափոխություններ, պետական հեղաշրջումներ, ընտրություններ և սահմանադրական փոփոխություններ:
Այս նկատառումներով էլ գլոբալացման գորցընթացում առևտրային պայմանագրերը` սահմանելով կողմերի միջև առևտրի ընդհանուր իրավական հիմքերը, կնքվում են կայուն զարգացման ապահովման նկատառումներով: Դրանցով լուծվում է հարցերի լայն շրջանակ. որոշվում են պայմանադիր յուրաքանչյուր պետության կողմից ընդհանուր առմամբ առևտրային կամ տնտեսական կապերն իրականացնող իրավազորված սուբյեկտները, միմյանց տրամադրվում են մաքսային վճարների գանձման, ապրանքների ներմուծման և արտահանման կարգի, ապրանքների փոխադրման, տարանցիկ փոխադրման, առևտրային ծովագնացության իրավական ռեժիմները, որոշվում է մեկ կողմի ֆիզիկական և իրավաբանական անձանց` մյուս կողմի տարածքում գործունեության իրավական ռեժիմը: Այս ամենն էլ իր հերթին հնարավորություն է տալիս քաղաքական փոփոխություններ իրականացնել` ընդունելով սերունդների համերաշխության, սոցիալական երկխոսության և կայուն զարգացման սկզբունքների գերակայությունը:
Վերջիններիս կիրառելիության նկատառումներով գլոբալացման գործընթացում կնքվել են բազմակողմ համաձայնագրեր, որոնք իրենց բնույթով փորձում են զուգամիտել, ունիվերսալացնել զարգացած և զարգացող երկրների փոփոխությունների արժեքային հիմքերը: Այդ նկատառումներով պայմանագրերը կնքվում են հանքային և գյուղատնտեսական հումք ներմուծող և արտահանող երկրների միջև որոշակի ժամկետով, ավելի հաճախ` 5 տարով, իսկ այնուհետև վերանայվում են: Համապատասխան ապրանքի առքուվաճառքի քվոտաների սահմանման օգնությամբ պետությունները ձգտում են կանխել որոշակի ապրանքների (կակաոյի, սուրճի, շաքարի և այլն) գների կտրուկ տատանումները:
Միջազգային առևտրի բնագավառում հիմնական ունիվերսալ ակտ է 1947թ. Սակագների և առևտրի մասին համաձայնագիրը (GATT/ԳԱՏՏ): Այն կազմեց առևտրի բազմակողմ կարգավորման և դրանով իսկ` միջազգային առևտրային իրավունքի հիմքը: Համաձայնագրի հիմնական նպատակներն են` արտաքին առևտրի ազատականացումը, մաքսային սակագների նվազեցումը, ներմուծման քանակական սահմանափակումներից հրաժարումը, առևտրի ոլորտում խտրականության վերացումը: 1994թ. ԳԱՏՏ փոխարեն հիմնադրվեց Համաշխարհային առևտրային կազմակերպությունը (WTO/ՀԱԿ), որը ժամանակակից միջազգային առևտրային իրավունքի համակարգում կենտրոնական տեղ է գրավում: Այն ստեղծվել է ԳԱՏՏ մասնակիցների վերջին նստաշրջանի, այսպես կոչված Ուրուգվայական ռուանդի ընթացքում, որին մասնակցում էին 118 պետություններ: Այն ընթանում էր 7 տարի և ավարտվեց Եզրափակիչ ակտի ստորագրմամբ, որը միջազգային առևտրի յուրօրինակ օրենսգիրք է: Ակտը բովանդակում է բազմաթիվ ոլորտների վերաբերող համաձայնագրերի ընդարձակ համալիր: Դրանցից հիմնականներն են` ՀԱԿ-ի հիմնադրման (ԳԱՏՏ փոխարեն), մաքսային սակագների, ապրանքների առևտրի, ծառայությունների առևտրի, մտավոր սեփականության պաշտպանության առևտրային տեսանկյունների մասին համաձայնագրերը[2]:
1991 թ-ին, երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խոշոր քաղաքական փոփոխություններ և կենտրոնացված կառավարման համակարգից անցում կատարվեց դեպի շուկայական լայնածավալ հարաբերություններ, ենթադրվում էր արմատական փոփոխություններ տնտեսության բոլոր ոլորտներում: Արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման տրամաբանական արդյունքը տարբեր երկրների տնտեսությունների փոխադարձ ինտեգրումը և միջազգային կազմակերպությունների ու կառույցների շուրջ տնտեսական շահերով միավորումն է: Անկախացումից հետո ՀՀ-ն չէր կարող հեռու մնալ նշված գործընթացներից և ակտիվորեն աշխատում էր միջազգային կազմակերպություններին և շուկաներին հնարավորինս արագ ինտեգրման ուղղությամբ, որի սկիզբ կարելի է համարել դեռևս 1992թ-ի ապրիլի 28-ին «Միջազգային արժութային հիմնադրամին, վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, միջազգային ֆինանսական կորպորացիային, զարգացման միջազգային ասոցիացիային, կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին ՀՀ անդամակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Այնուհետև 1993թ-ին Անկախ Պետությունների Համագործակցության անդամ 9 երկրների միջև ( Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելոռուս, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա և Ուզբեկստան) կնքված Տնտեսական միության և ազատ առևտրի համաձայնագրերը, որոնցով, ըստ էության, նախատեսվում էր ստեղծել ԱՊՀ երկրների ընդհանուր շուկա: 1996թ-ին հետևեց ՀՀ-ի և ԱՀԿ անդամ մի շարք պետությունների միջև առևտրի և համագործակցության համաձայնագրերի կնքումը[3]:
Գլոբալիզացիայի գործընթացների խորացումը պայմանավորեց տրանսազգային կորպորացիաների միջազգային իրավասուբյեկտության խնդրի քննարկումը պետության ինքնորոշման պահպանման համատեքստում: Տրանսազգային կորպորացիաները պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ մեկտեղ հաճախ դիտվում են ոչ միայն միջազգային տնտեսական իրավունքի, այլև քաղաքական փոփոխությունների դերակատարներ: Դա բացատրվում է նրանով, որ տրանսազգային կորպորացիաները դառնում են միջազգային տնտեսական հարաբերությունների ավելի ու ավելի կարևոր սուբյեկտներ, որոնք կարևոր ազդեցություն են թողնում ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային տնտեսության վրա: Տրանսազգային կորպորացիաների տարեկան շրջանառության ծավալները մի քանի անգամ կարող են գերազանցել մի քանի պետությունների պետական բյուջեները միասին վերցրած: Ժամանակակից աշխարհում մեծ ընկերությունների գործունեությունը դառնում է ոչ միայն համաշխարհային տնտեսության, այլ նաև քաղաքականության հիմնական գործոններից մեկը:
Տրանսազգային կորպորացիաների առանձնահատկությունն այն է, որ իրավաբանական բազմատեսակությամբ հանդերձ, դրանք օժտված են տնտեսական միասնականությամբ: Տրանսազգային կորպորացիաները տարբեր պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված այնպիսի ընկերությունների խումբ է, որոնք ինքնուրույն իրավաբանական անձինք են և գործունեություն են իրականացնում տարբեր երկրների տարածքներում, սակայն կապված են փոխադարձ կախվածության հարաբերություններով, որոնց պարագայում դրանցից մեկը գերակայող դիրք է գրավում մյուսների նկատմամբ և վերահսկում դրանց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *


*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>