Hay kin@ hay irakanutyunum / Հայ կինը հայ իրականությունում

Hay kin@ hay irakanutyunum / Հայ կինը հայ իրականությունում :

Նյութը `

Այսօր, ավելի քան երբևե, հակասական են կնոջ կերպարին ներկայացվող պահանջները: Մի կողմից առկա է պահանջմունքը պահպանել դարերից եկող ավանդական ու չափազանց կարևոր դերն ընտանիքում, մյուս կողմից ամենուրեք մարտահրավեր են նետում գործարար կնոջ պատկերները, գայթակղիչ ու գրավիչ արտերկրյա ամսագրերից ու այլ ԶԼՄ-ներից տուն ներթափանցող մոդելների պատկերները, որոնք ավելի ցանկալի ու հաջողակ են թվում: Այս ամենը թեժանում է նորանոր կազմակերպությունների շարժումների հավասարաիրավության կոչերի ներքո, որոնք կարծես փլուզում են կամ հարցականի տակ դնում նախքին պատկերացումները կանացիության մասին, բայցև փոխարենն առաջարկածը ոչ միշտ է հստակ լինում:
Սա դեռերևույթի մի կողմն է: Մյուս կողմից առկա տնտեսական խառնաշփոթի ներքո, երբ տղամարդու համար ավելի բարդ է դառնում իրականացնել իր կողմից ստանձնած ավանդական դերը` ընտանիքի ապահովողի, կերակրողի, կինը երբեմն ստիպված է լինում ինչ-որ քայլել ձեռնարկել: Առաջանում է հակասությունների մի շղթա: Լավ կարիերա կառուցող կնոջ մոտ փոքր-ինչ երկրորդ պլան է մղվում ընտանիքը, տունը: Հաջողվում է, արդյո՞ք նրան պահպանել կանացիությունը: Երջանիկ է՞ նա որպես կին: Չաշխատող կինը, թվումէ պետք է, որ իդեալական մայր ու կին լինի: Սակայն շատ հաճախ նա լճանում է, ձանձրանում ու զայրանում չորս պատի ներքո: Տղամարդը գաղտնի կամ բացահայտ լքում է նրան, զավակները` կորցնում հարգանքը նրա նկատմամբ:
Ի՞նչն է հուզում ու անհանգստացնում հայ կնոջն այսօր: Ինչ խնդիրներ ունի նա:
Տվյալ նյութը իրենից ներկայացնում է մոտ չորս տարվա ընթացքում տարբեր հոգեբանական ծառայություններում մատուցված կանանց խորհրդատվությունների վերլուծություն և ամփոփում: Որպես հիմք օգտագործլ ենք երկուս ու կես տարվա ընթացքում Վստահության Հեռախոս հոգեբանական ծառայության ներքո մոտ 879 կանանց տրամադրված հեռախոսյին (որը կազմում է ընդհանուր խորհրդատվությունների 53 %-ը) և 1.5 տարվա ընթացքում 97 կանանց տրամադրված անհատական հոգեբանական խորհրդատվությունները (Վերջին թիվը կազմում է ընդհանուր խորհրդատվությունների 90%-ը: Ի դեպ նշենք, որ տվյալ ծառայության ներքո անհատական հոգեբանական խորհրդատվության կարիքով դիմող տղամարդկանց թիվը կազմում է ընդամենը մեկ տոկոս): Թե հեռախոսային և թե անհատական խորհրդատվության դիմող կանանց մեծամասնությունը 18- 36 տարեկան են:
Կանանց կողմից ներկայացված հիմնական հոգեբանական խնդիրները կարելի է պայմանականորեն դասակարգել հետևյալ կերպ.
Ներկայացված Խնդիրները հիմնական կրողները թիվ(%)
1. Դժվարություններ հակառակ սեռի հետ փոխհարաբերություններում 18-ից-36 տարեկան կանայք 57 %
2. Դիմումներ, կապված երեխաների հոգեբանական վիճակի հետ 26-55 տարեկան կանայք 53 %
3.Ամուսնու կամ այլ հարազատի կողմից իրականացված հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր 21-ից–52 տարեկան կանայք 51%
4. Ներանձնային խնդիրեն (անլիարժեքության բարդույթ, վախ մենակությունից, այլ) 18-46 տարեկան կանյք 49%
5. Ամուսնալուծության հետևանքներ 27-ից 46 տարեկան կանայք 23%
Ծանոցում. նույն դիմողը երբեմն ներկայացնում է մի քանի խնդիրներ:
Դժվարությունները հակառակ սեռի հետ փոխհարաբերություններում կանանց մոտ արտահայտվում են մասնավորապես միայնակության վախով: Ինչպես վկայում են մեր հետազոտությունները, դրա հիմքում ընկած են հետևյալ պատճառները: Մի կողմից աղջկա (18-ից 25 տարեկան հասակում) մոտ առաջանում է կապվածություն, հոգեբանական կախվածություն զուգընկերոջ նկատմամբ, և հաշվի չառնելով փոխհարաբերությունների առանձնահատկությունները, երբեմն արհամարհելով ակնհայտ կոպտությունը, անուշադրությունն իր նկատմամբ՝ այն էլ ավելի է զարգանում շնորհիվ այն հանգամանքի, որ աղջիկը խուսափում է որևիցե փոփոխությունից (անբավարար հարաբերությունների խզում, նոր հարաբերությունների ստեղծում և այլն), վախենալով այն անորոշությունից, որով հղի է յուրաքանչյուր փոփոխություն: Մյուս կողմից՝ խնդիրի լուծման ուղղությամբ ոչ մի իրական քայլ անել չհամարձակվողները իրենց վարքը պատճառաբանում են ընտրության հնարավորության բացակայությամբ: Ստեղծվում է փակ շրջան, որն ինքնուրույն ճեղքելն անհնար է թվում:
Մեր հասարակությունում տարիքին զուգահեռ աճում է հասարակական կարծիքի ճնշումը՝ կապված ամուսնության և ընտանիքի ստեղծման անհրաժեշտության մասին ավանդական պատկերացման հետ: Աղջիկը հայտնվում է ներքին կոնֆլիկտային իրավիճակում. մի կողմից նա թերևս չի տեսնում իրական թեկնածու, որը կհամապատասխաներ իր սպասումներին, տղամարդու մասին իր ունեցած պատկերացումներին, մյուս կողմից՝ առկա է շրջապատողների սպասումներն իրականացնելու պահանջը: Այս հարցի շուրջ գոյություն ունեն լուծման երկու եղանակներ.
1. ամուսնանում է անցանկալի զուգընկերոջ հետ կամ նրա հետ, ում նկատմամբ անտարբեր է՝ հույս ունենալով ժամանակի ընթացքում ընտելանալ նրան, նրա բնավորությանը, սովորություններին,
2. չի ամուսնանում՝ նախընտրելով պահպանել սեփական անկախությունը, ազատությունը՝ արհամարհելով հասարակության կարծիքը, սակայն անընդհատ զգալով դրա ճնշման ուժը:
Ինչպես վկայում են ծառայության դիմողները, ոչ մի ուղղություն չի ապահովում խնդրի համապատասխան լուծումը: Առաջին դեպքում ժամանակի հետ երիտասարդ կնոջ համար առաջնային և անտանելի են դառնում ամուսնու »անցանկալի« սովորությունները, բնավորության գծերը: Առաջանում են ներընտանեկան ընդհարումներ՝ լի փոխադարձ վիրավորանքներով և մեղադրանքներով: Հաճախ կոնֆլիկտային հարաբերությունները դուրս են գալիս ամուսնական միջավայրից և տարածվում ծնողների, նույնիսկ հարազատների վրա: Որպես նոր բախման հրահրման պատճառներ՝ հանդես են գալիս ամենատարբեր հանգամանքները. անլուծելի թվացող ֆինանսական դժվարություններ, հարազատ ընտանիքից տարբերակվող փոխհարաբերություններ, կյանքի պայմաններ, հակասական պահանջներ: Արտահայտվելով դիմողների իսկ խոսքերով՝ «սոցիալական պատվեր կատարելու, ասեկոսեներից խուսափելու նպատակով սեփական զգացմունքներն անտեսելը թանկ է նստում»:
Հոգեբանից նրանք ակնկալում են հուզական, բարոյական նեցուկ, խրախույս կատարված «զոհաբերության» դիմաց. «Ես այդպես եմ վարվել, որպեսզի ծնողներիս բեռը թեթևացնեմ», «Չ՞է որ ես այլ ելք չունեի…»: Նրանք համարում են, որ որևիցե բան փոխելու փորձն անգամ էլ ավելի կվատթարացնի իրավիճակը. կքննադատեն, ճիշտ չեն հասկանա, կզրկեն մայրական իրավունքներից:
Խնդիրի լուծման ուղղությամբ ընտրված երկրորդ եղանակը նույնպես իրեն չի արդարացնում: Տարիքին զուգընթաց ավելի դժվար է դառնում համոզել շրջապատողներին (և ոչ միայն նրանց, այլև ինքն իրեն), որ ընտրված կյանքի այս ոճը բավարարում է իրեն: Միայնակությունը հասարակության կողմից ընկալվում է որպես հանդուգն, համարձակ որոշում, որ իրեն ոչ ոք պետք չէ, և համապատասխանորեն ձևավորվում է յուրահատուկ վերաբերմունք իր նկատմամբ կամ էլ (ավելի հաճախ), որ իրեն պարզապես չի հաջողվել ընտանիք կազմել:
Տղամարդկանց հետ հարաբերություններում ձախողումների՝ դավաճանության, անուշադիր վերաբերմունքի, խաբեբայության հանդիպում են շատերը: Հոգեբանին դիմողների թվում ևս կան այսպիսիները: Վերջիններս հաճախ այն խորը համոզման են, որ տղամարդու հետ ցանկացած տիպի հարաբերություններ անխուսափելիորեն բացասական ավարտ են ունենում: Սիրահետող ու քնքուշ երիտասարդի հետևում թաքնված է շարքային մի սրիկա՝ »հետին մտքերով«: Հիմնվելով »դառը փորձի« վրա, համարելով, որ ցավից խուսափելու միակ ելքը երջանկության գաղափարից հրաժարվելն է, նրանք պարզապես մերժում են ցանկացած նորածին հարաբերություններ:
»Բոլոր տղամարդիկ էլ մի սանրի կտավ են«, -համոզված ասում են այս կանայք՝ այն նկարագրելով ամենագորշ գույներով: Իսկ կտավին ամբողջական տեսք տալու համար մի քանի պիտակ են ավելացնում, որոնք կախարդական խոսքերի պես կրկնում են մտքում՝ ամեն անգամ տղամարդու հանդիպելիս: Այս հզոր ինքնաապահովման միջոցը անչափ նվազեցնում է, եթե չասենք՝ բացառում, կյանքի արժանի ուղեկից գտնելու հնարավորությունը:
Ամենահամոզիչ ապացույցը, որ միայնակությունը լավագույն ելքը չէ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մյուս դիմողների վկայություններն են, որոնք ինչ-ինչ հանգամանքների բերումով միայնակ են մնացել: Այսպես, օրինակ, նրանցից շատերը խոստովանում են, որ բաց են թողել անձնական երջանկությունը ստեղծելու իրենց հնարավորությունը: Հիմա արդեն ափսոսանքով հետ նայելիս տեսնում են, որ մերժված երկրպագուների թվում կային բավականին »լավերը«: Իսկ պատճառները, որոնցով առաջնորդվում էին մերժելիս, այնքան անիմաստ ու անհեթեթ են թվում…
Հասարակության կարծիքի աճող ճնշմանը գումարվում է առաջացող թերարժեքության զգացումը՝ իր վիճակը ամուսնացած հասակակիցների հետ համեմատության արդյունքում, ներանձնային կոնֆլիկտը, լարվածությունը, անբավարարվածությունը: Այս ամենի հետ մեկտեղ բարձրանում են հակառակ սեռին ներկայացվող պահանջները, ինչն իր հերթին նվազեցնում է համապատասխան զուգընկեր գտնելու հավանականությունը:
Ինչպես և առաջին դեպքում, զանգահարողներն ակնկալում են մասնագետի օգնությունը, սակայն ի տարբերություն առաջինների՝ ավելի դինամիկ են և վճռական: Չնայած սեփական անլիարժեքության զգացումի որոշակի ազդեցությանը՝ նրանց հեշտորեն կարելի դրդել որևէ քայլի, հատկապես այն դեպքում, երբ հոգեբանին ներկայացվող հայցի մեջ է մտնում ցանկալի հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հմտությունների ուսուցումը:
Ամուսնու կամ այլ հարազատի կողմից իրականացված հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր. Եթե հեռախոսային խորհրդատվության դեպքերում համեմատաբար սակավաթիվ էին ներընտանեկան բռնության դեպքերի արձանագրությունը, ապա դեմ առ դեմ իրականացվող անհատական խորհրդատվությունները հնարավորություն են տալիս անկեղծորեն խոսել ընտանիքում բռնության առկայության մասին: Աշխատանքը բռնության ենթարկված հայ կանանց հետ բարդացված է մի քանի գործոնների ազդեցության հետևանքով: Դժվարություններից մեկը կայանում էր նրանում, որ նրանք մեծամասնությամ ստիպված են թաքցնել հոգեբանին դիմելու փաստը: Իսկ քանի որ ներկայացված խնդիրը վերաբերվում է ոչ միայն նրանց և հաճախ կապված է ընտանիքի մեկ այլ անդամից՝ կարևոր »դերակատարներից« (ինչպիսիսք են նրանց նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն իրականացնող ամուսինը, հարազատները, նրանց հետ մեկ տան մեջ բնակվող այլ անձիք) երբեմն անհրաժեշտություն է ծագում կիռարել ոչ թե անհատական հոգեթերապիա կամ խորհրդատվություն, այլ ընտանեկան: Սակայն հիմնականում մեզ դիմող կանանց մեծամասնությունը անհավանական ու անհեթեթ են համարում առաջարկել իրենց ամուսիններին կամ ընտանքի այլ մի անդամի դիմել հոգեբանի: Ավելին, նրանցից շատերը անգամ վախենում են նման առաջարկով դիմել, համարելով որ դա կդառնա նոր մի վեճի, ընդհարման հրահրման պատճառ:
Հոգեբանության ճյուղերից մեկը victimology (victim – զոհ) ուսումնասիրելով մի շարք բռնության դեպքեր հանգել է այն եզրակյացությանը, որ բռնության ենթարկվածը, բռնության զոհը (անկախ բռնության ձևից) ինքն է հրահրում բռնությունը, դաժանությունը և ագրեսիան իր նկատմամբ: Այսինքն անկախ բռնության իրականացման փաստի օբյեկտիվության աստիճանից, կատարվածի համար որոշակի չափով պատասխանատվություն է կրում նաև զոհը: Ժողովրդական խոսքում այս հոգեբանական երևույթը ամրապնդվել է »Ինքդ ես մեղավոր, պատահական ոչինչ չի լինում« և նման այլ արտահայտություններում: Պարբերաբար բռնության ենթարկվող կինը համարում է իր վիճակն անխուսափելի, և ավելին, համաձայնելով վերը նշվածի հետ, սկսում է անընդհատ թերացումներ ու բացասական գծեր տեսնել իր անձի, իր վարքի և մնացած բոլոր արտահայտումների մեջ: Արդյունքնում ոչ միայն համակերպվում է այն ամենի հետ, ինչ կատարվում է իր ընտանիքում, այլ նաև համարում է, որ արժանի է նման բախտի: Իսկ անընդհատ իր մեջ բացասականը գտնող անձը, որը նաև շրջապատում գտնում է միայն իր բացասական գծերի հավաստացումը, վերջին հաշվող կարող է ընդունել իր բացասական կերպարը և սկսել գործել դրան համաձայն: ինչպես խոստովանում են իրենք կանայք, հաճախ կուտակված բացասական ապրումների, հույզերի զգացմունքների արտահայտումը ստիպված են լինում կրել իրենց զավակները: Սա էլ իր հերթին “ավելորդ անգամ համոզում” է կնոջը իր վատ մայր, վատ կին լինելու “փաստի” մեջ:
Այս ամենը ծանրանում է նաև ի “շնորհիվ” այն հանգամանքի, որ կինը, ունենալով ինքնամեղադրական կողմնորուշում (յուրաքանչյուր բացասական իրավիճակի պատճառներ հակված է հիմնականում իր մեջ փնտրել) ժամանակի ընթացքում ձեռք է բերում ցածր ինքնագնահատական: Հաշվի առնելով նաև “ասիական” ավանդական վերաբերմունքը կնոջը որպես պակաս կարևոր, պակաս անհրաժեշտ օղակ հասարակական ոլորտում, կարելի է համարել, որ ցածր ինքնագնահատականը ոչ միայն ձեռք բերովի է լինում ամուսնության ընթացքում, այլ նաև հանդիսանում է մանկության, պատանեկության տարիներին առաջացած ցածր ինքնագնահատականի խորացում: Ի դեպ, սրա մասին ինչպես նաև կանանց մոտ ավելի ցածր քան տղամարդկանց, ինքնագնահատականի մասին են վկայում նաև մի շարք ևրոպական հոգեբաններ, օրինակ Ա.Ադլերը:
Մյուս կողմից, հիմնվելով պարբերաբար բռնության ենթարկվող կանանց արտահայտությունների վրա, ինչպեսիք են “Ուերմն նա է իմ բախտը”, “Ճակատագին է այդպես որոշել” և նման այլ, կարելի է եզրակացնել, որ նրանց մեջ գերակայում են էքստեռնալ վերահսկման տեղայնականացմամբ կանայք: Այսինքն, նրանք տեղի ունեցող իրադարձությունները, հաջողությունները համարում են արտաքին ուժերի ներգործության արդյունք, պատահականություն, հանգամանքների կամ այլ մարդկանց ազդեցության արդյունք: Ահա թե ինչու դրական փոփոխությունների իրականացման համար հաճախ պասիվ են, հոռետես են. “զգում են”, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն ինչ պայմանավորված է ամուսնու տրամադրությամբ, այլոց վերաբերմունքով: Հայտնի է, որ էքստեռնալ տիպի անձիք սովորաբար կյանքում պարտվածներ են…
Թվացյալ տարբերությունը այս երկու դրսևորումների` ինքնամեղադրանքի և էքստեռնալության, իրականում նույն երևույթի ծայրահե արտահայտումներն են: Եվ ինչպես ծայրահեղ ամեն ինչ ունեն իրենց բացասական անդրադարձը անձի և նրա փոխհարաբերություններին:
Ամուսնացած կանայք սովորաբար դիմում են իրենց երեխաների վերաբերյալ հարցերով՝ կամակորություն, վախեր, մերժողական վարքի դրսևորում, դաստիարակության հետ առնչվող հարցեր և այլն: Մեր աշխատանքի ընթացքում գրանցել ենք մեկ հետաքրքիր փաստ ևս. մայրերը հաճախ զանգահարում են իրենց 19-21 տարեկան որդիներին անհանգստացնող կամ նրանց վերաբերվող հարցերի շուրջ խորհրդատվություն ստանալու ակնկալիքով, մինչդեռ մեր կողմից չի արձանագրվել և ոչ մի զանգ ծնողների կողմից՝ դստեր խնդիրների վերաբերյալ…
Մայրերի հետ զրույցի ընթացքում պարզվում է, որ այդ ամենը իրականում ընդամենը շարժառիթ է, երբեմն էլ՝ արդարացում՝ հոգեբանին դիմելու: Պարզվում է, որ նա ևս ունի իր սեփական խնդիրները. ներընտանեկան բախումներ, ընդհարումներ, անհասկացողություն, այս ամենի հետ կապված հիասթափություն և բարկություն՝ կյանքն այնպես չի դասավորվել, ինչպես նա էր ցանկանում ու պատկերացնում: Հաճախ բացահայտ խոսել իրենց անհանգստացնող խնդրի վերաբերյալ նրանք չեն համարձակվում, ավելին` սեփական պրոբլեմները այն աստիճան ճնշված են լինում, որ կինն ինքն իրեն չի խոստովանում դրանց առկայությունը, չի գիտակցում պրոբլեմային իրավիօակի իրական աղբյուրը: Ճնշված զգացմունքներն ու հույզերը արտահայտվում են քողարկված ձևով և վատագույն դեպքում կարող են արտահայտվել երեխայի նկատմամբ զայրույթով, բարկությամբ, ծեծով` այդ կերպ կինը ազատվում է դժգոհության այն զգացումներից, որոնք չի կարող արտահայտել հասցեատիրոջը (ամուսնուն, այլ բարեկամներին): Այս ամենն իրականանում է անգիտակցական մակարդակով:
Սովորաբար հենց այս կանայք, չդիմանալով ընտանեկան աճող լարվածությանը ու ճնշումներին, չկարողանալով համակերպվել երբեմն ստորացուցիչ ու արհամարհական վերաբերմունքին, դիմում են ամուսնալուծության: Սակայն սա էլ չի փրկում. ամուսնուն դեռ շատ լավ է հիշում՝ ընդհուպ մինչև այն, որ ամեն տեղ ճանաչում է նրա օծանելիքի կամ ծխախոտի բազում հուշեր արթնացնող, բայց արդեհ տհաճ ու զզվելի հոտը: Մյուս կողմից էլ ոչ մի կերպ չի կարողանում ներել ամուսնուն կամ նրա հարազատներին, որոնք ամեն ինչ արեցին ամուսնուն իրենց կողմը ձգելու և նրա ընտանիքը քայքայելու համար: Այս ամենին գումարվում են նաև անսպառ ու անհաղթահարելի թվացող առօրյա, կենցաղային հոգսերը: Այս ամենի հետ մեկտեղ կինը ստիպված է լինում դիմակայել ասեկոսեներին, ուղակի կամ անուղակի մեղադրանքներին, մտերիմների մտոհոգությանը:
Միայնակ մոր իրավիճակը բարդանում է մի շարք գործոնների ազդեցության ներքո, որոնցից մեկն էլ վերաբերվում է մոր դերի վերակառուցմանը: Մայրն այս դեպքում ստիպված է լինում դառնալ և հայր, և մայր, ավելի շատ ժամանակ անց կացնել աշխատավայրում, որի հետևանքով, ինչպես պարզել են հետազոտությունները, մայրերը հաճախ մեղքի զգացում են ունենում:
Մոր կողմից իրարարմերժ դերերի ստանձնումը, կյանքի վերակառուցումը մեծագույն ազդեցություն է թողնում նաև երեխայի վրա: Ծնողների ամուսնալուծությունը երեխայի կյանքի սթրեսների սանդղակում իր ուժգնությամբ զբաղեցնումէ երկրորդ տեղը` ծնողի մահից հետո:
Ամուսնալուծված կինը հաճախ ստիպված է լինում վերադառնալ ծնողական ընտանիք: Հավանական է, որ սա կնպաստի ծնող-երեխա հարաբերություններում հին ընդհարումների ակտիվացմանը, կառաջանա դերային պրոբլեմ: Տուն վերադարձած ծնողը դառնում է դուստր, այլ ոչ ծնող, նվազումէ նրա հեղինակությունը և կոմպետենտությունը:
Ահա մոտավոր պատկերն այն հոգեբանական խնդիրների, որոնց հետ առընչվում է հայ կինն այսօր:
Հոգեբանական աշխատանքները կանանց հետ ուղված են հետտևյալ նպատակների իրականացմանը.
1. Իրական խնդրի բացահայտման, գիտակցմանը, իրավիճակի սթափ ու անկողմնակալ գնահատմանը;
2. Սեփական պահանջմունքների և իրական ցանկությունների բացահայտմանն ու ընդունմանը;
3. Ադեկվատ ինքնագնահատականի ձևավորմանը;
4. Ինքնաճանաչման դաշտի ընդարձակմանը, ինչը կնպաստի ներքին անտեսված, անհայտ ռեսուրսների և հնարավորություններիմոբիլիզացմանը, ստեղծված իրավիճակներում պատասխանատվության սեփական բաժնի ստանձմանը;
5. Հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների բարելավման Կոնֆլիկտային իրավիճակում այլընտրանքային լուծումների հմտությունների ձեռք բերմանը:
Այս նպատակների իրականացումը, կարծում են պետք լինի յուրաքանչյուր կնոջ նպատակը: Ու թեև գրեթե բոլոր խնդիրների դեպքում կարելի է արձանագրել օբյեկտիվ գործոնների ազդեցությունը և համարել դրանց լուծման ուղին վերջիններիս վերացումը (երկրի իրավիճակի բարելավում, աշխատատեղերի ստեղծում, իրավահավասարության ձգտում, տղամարդկանց վերաբերմունքի վերափոխում և այլն) յուրաքանչյուր փոփոխություն պետք է ու կարող է սկսվել սեփական »Ես«ից: Միայլն ներանձնական հավասարակշռության ու գոհության դեպքում կարելի է հասնել արտաքի երջանկությանը:
Գոյություն ունի մի տեսություն, որին համաձայն մարդիկ պատահական չեն կին կամ տղամարդ ծնվում: Յուրաքանչյուր սեռ իր խնդիրներն ունի: Եվ կնոջ հիմնական խնդիրն է սերն աշխարհ բերել: Եվ, հավանաբար, այսօր մենք պետք է պայքարեն ոչ թե հասարակությունում տղամարդկանց հետ իրավահավասարության համար, այլ հենց հակառակը` հասարակությունում կնոջ հատուկ կարգավիճակի համար, ԿԻՆ լինելու հնարավորության համար: Չէ որ եթե կնոջը չի երջանկացնում այն փաստը, որ նա կին է ծնվել, հազիվ թե այլ ինչ ուրախացնի նրան…

Leave a Reply