Grakanutyun / Գրականություն

Mtavorakanutyun / Մտավորականություն:
Նյութը `

Ինտելիգենցիան լայն կրթվածությունն է, ավելացրած մտավոր ու բարոյական ազատությունը: Ինտելիգենտը հոգու վիճակ է:
Դ.Ս.Լիխաչև
՚՚Մտավորականություն՚՚ բառի սկզբնաղբյուր հանդիսանում է լատինական intellegentia բառը, որը նշանակում է ՚՚ըմբռնում, դատողություն, ճանաչողական ուժ, ընկալման ընդունակություն՚՚: ՚՚Մտավորականությունն այն է, ինչի միջոցով հոգին ճանաչում է, թե ինչպիսիք են առարկաները, ինչպիսին է շրջապատող աշխարհը՚՚ : Հետագայում Բոեցիուսի մոտ սխոլաստիկակակն ավանդույթում intellegentia-ն սահմանվում է որպես աստվածային բանականության իմացություն և ինքնաճանաչողություն, որի օգնությամբ կարելի է տեսնել իրերի իրական հիմքը և գտնել սեփական ակունքները: Այս ըմբռնումը բնորոշ է մնում նոր ժամանակների եվրոպական փիլիսոփայության համար, որը կամա թե ակամա հիմնված է միջնադարյան ավանդույթի վրա: Հեգելի մոտ ՚՚ինտելիգենցիա՚՚ հասկացությունը կապված էր ոգու` անմիջական բազմաբնույթ կեցության հաղթահարման և ինքնաճանաչողության անցման ընդունակության հետ: Այս պատկերացման մյուս կողմը հանդիսանում է ՚՚Եվրոպայում քաղաքակրթության պատմության՚՚/1828թ./ մեջ Գիզոյի կողմից ձևակերպված ընդհանուր բանականություն-ինտելիգենցիայի մասին գաղափարները, որոնք տալիս են պատմական զարգացման հիմնական գծերը այս երկու հասկացությունների միջև :
Այստեղ անհրաժեշտ է ուշադրության արժանացնել այն փաստը, որ դեռևս խոսքը գնում էր միայն տեսական հասկացության մասին, որը չմիջնորդավորված հարաբերություններ չուներ սովորական լեզվի հետ: Գիտական լեզվից առօրյա լեզու նման անցումն ուղեկցվեց հասկացության որոշակի իմաստափոխությամբ, որի արդյունքում առաջացավ ինտելիգենցիայի` որպես որոշակի հատկանիշների ամբողջականությամբ օժտված սոցիալական խմբի մասին պատկերացումը, որի նախաձեռնությունը պատկանում էր ֆրանսիացի լուսավորչականներին, որոնք 18-րդ դարի վերջին լուսավորյալ մարդկանց խավը ոչ լուսավորյալներից տարբերակելու նպատակով կիրառեցին ՚՚intelligence’’ բառը: Ֆրանսիացի հետազոտող Վերոնիկա Հարրոսը գրում է, որ ինտելիգենցիա բառը չի թարգմանվում, իսկ նրա կողմից նշանակվող երևույթը հնարավոր չէ սահմանել:
Սոցիալական խմբի իմաստով ՚՚ինտելիգենցիա՚՚ և նրանից ածանցյալ ՚՚ինտելիգենտ՚՚ հասկացության սկզբնաղբյուրի վերաբերյալ ևս միակարծիքություն չկա : Բացի հեղինակային ծագման մասին պնդումների, որոնք սկիզբ են առնում Պ.Դ. Դոբորիկինից, հետազոտողները խոսում են պոլոնիզմի , գերմանիզմի մասին: Ինտելիգենցիա բառի տակ սկզբնական շրջանում հասկանում էին ընդհանրապես կրթված մարդկանց, որը մեր օրերում էլ հաճախակի կիրառություն է գտնում: Դոբորիկինի կողմից 1909թ-ին հրատարակված դասախոսությունների ‘’Ինտելիգենցիայի պաշտպանության համար’’ հավաքածուի մեջ նա պնդում է, որ հանդիսանում է ‘’ինտելիգենցիա’’ եզրույթի կնքահայրը, որը իր կողմից ռուսական լրագրության մեջ ներդրվել է 1866թ-ին: Սակայն ճիշտ կլինի ասել, որ նա ավելի շատ տարածել, քան հայտնագործել է ‘’ինտելիգենցիա’’ բառը` նրան վերագրելով բոլորովին այլ նշանակություն և մտավորականություն համարելով բարձր մտավոր ու էթիկական մշակույթ ունեցող անձանց, ոչ թե մտավոր աշխատանք կատարողներին: ‘’Բրիտանիկա’’ հանրագիտարանում/1965թ./ նշվում է, որ ինտելիգենցիա բառը ներմուծվել է Ցիցերոնի կողմից և լայնորեն կիրառություն է գտել Պլատոնի և Արիստոտելի աշխատություններում որպես փիլիսոփայական կատեգորիա: Իսկ Օքսֆորդում 1901թ-ին հրատարակված ‘’Պատմական հասկացությունների նոր անգլերեն բառարանում’’ տրվում են ինտելիգենցիա հասկացության կիրառության բազմաթիվ դեպքեր 1652, 1720, 1865 թվականներին:
Մտավորականության իրականությունը ինքնաճանաչությունն է, գրում է Հեգելը, որի աշխատություններում մտավորականության գործունեությունը բնութագրվում է որպես տեսական ոգի :
Բազմաթիվ պատմաբանների հավանությանն ու պաշտպանությանն արժանացած Դոբորիկինի տեսակետը վերջին ժամանակներում բազմաթիվ տարակարծությունների հանգեցրեց, և ներկայումս այս եզրույթի առաջին հայտնի կիրառումը համարվում է Ժուկովսկու` 1986թ. փետրվարի 2-ի օրագրային գրառումը, որտեղ ՚՚ինտելիգենցիա՚՚ բառը սոցիալական իմաստով է կիրառվել : Պետք է նշել, որ այս ամենը միայն բառի ծագումնաբանության ուսումնասիրությունն է, այնինչ բառը սոցիալական իմաստով սկսել է օգտագործվել 19-րդ դարի 60-ական թվականների վերջին, իսկ այն կիրառող մարդկանց ճնշող մեծամասնությունը լավատեղյակ է եվրոպական ավանդույթի մեջ գոյություն ունեցող բառի փիլիսոփայական նշանակությանը:
Այս անձանց մեկնաբանություններում տեսնում ենք քննարկվող երկու հիմնական խնդիրներ` ովքեր են պատկանում մտավորականությանը, երբ է առաջացել մտավորականությունը: Այստեղ հիմնական հնարավորությունները քննարկման են ենթարկվել Ռ.Վ. Իվանով-Ռազումնիկի կողմից, որն առանձնացնում է երկու մոտեցում ինտելիգենցիայի սահմանման նկատմամբ և երկու չափանիշներ այն բանի որոշման համար, թե արդյոք մարդը համարվում է ինտելիգենտ` դրանք անվանելով սոցիալ-տնտեսական և սոցիալ-էթիկական չափանիշներ : Սոցիալ-տնտեսական սահմանմանը հետևում են առաջին հերթին պոզիտիվիստական և քվազի/կեղծ պոզիտիվիստական դրույթների հետազոտողները, որոնք պատմության մեջ տեսնում են նյութական օրենքների և հատկանիշների որոշակի ամբողջության դրսևորում, որոնք մարդկանց վերածում են որոշակի դասի կամ սոցիալական խմբի ներկայացուցիչ: Այս մեկնաբանության մեջ մտավորական համարվում են մտավոր, հոգևոր աշխատանք կատարող մարդիկ: Նման ըմբռնման տեսակետից մտավորականությունը գոյություն ունի բոլոր երկրներում, որը հստակորեն դրսևորվում է մարքսիզմի խորհրդային տարբերակում: Լունաչարսկին խոսում էր Հին Եգիպտոսի մտավորականության մեջ` նույնիսկ շամանին անվանելով յուրատեսակ մտավորական : Հարկ է նշել, սակայն, որ մարքսիստական մեկնաբանությունը որոշակի հակասականություններ էր պարունակում: Մատնանշելով մտավորականության պատկանելիությունը բուրժուազիայի դասին և բուրժուական աշխարհայացքի կողմից նրա ընկալման սահմանափակությունը` մարքսիստները խոսում էին մտավորականների փոքր խմբի, Լունաչարսկու խոսքերով արդար ու բարեպաշտ մարդկանց խմբի մասին, որի համար ողջ ‘’ռուսական մտավորականությունը ոչ միայն ներված այլ նաև հարգված կլինի’’ : Արդար ու բարեպաշտ մարդկանց այս խումբը հաղթահարում է իր անդամների գեների մեջ եղած դասակարգային շահերը և վերածվում է պրոլետարիատների ղեկավարության, որոնք պայքարում են իրենց ազատագրության համար, այսինքն` ինչպես նշում է Իվանով-Ռազումնիկը, սոցիալ-տնտեսական սահմանումը վերածվում է սոցիալ-էթիկականի: Մտավորականության նշված երկակիությունը կարևորվում է հասկացության զարգացման պատմության մեջ:
Հասկացության սոցիալ-տնտեսական սահմանման մեկ այլ տարբերակ է առաջարկում Միլյուկովը, որի կարծիքով մտավորականությունը որոշակի կրթություն ստացած անձանց խավ է : Լայն ճանաչում ունի մտավորականության այն սահմանումը, որն առաջարկվել է Ն. Բերդյաևի կողմից ‘’Ռուսական կոմունիզմի աղբյուրներն ու իմաստը’’ աշխատության մեջ:Նա նախ և առաջ ընդգծում է, որ ռուսերեն ‘’интеллигенция’’ բառը չունի արևմտյան համարժեքներ, իսկ ինտելիգենտների սոցիալական խումբը չի համընկնում ինտելեկտուալների, այսինքն` մտավոր աշխատանք կատարող ու ստեղծագործող անձանց հետ: Բնորոշելով ինտելեկտուալին` նա գրում է. ‘’Բոլորովին այլ է ինտիլիգենցիան, որին կարող էին պատկանել այնպիսի մարդիկ, որոնք չեն զբաղվում մտավոր աշխատանքով կամ առանձնապես ինտելեկտուալ չեն: Իսկ բազմաթիվ գրողներ ու գիտնականներ չէին կարող դասվել ինտելիգենցիայի շարքերին բառի ճշգրիտ իմաստով: Ինտելիգենցիան ավելի շատ հիշեցնում էր վանականների կամ կրոնական սեկտա իրեն բնորոշ բարոյականությամբ, իր համապարտադիր աշխարհայացքով, հատուկ բարքերով ու սովորույթներով, նույնիսկ յուրատեսակ ֆիզիկական դեմքով, որից միշտ կարելի էր ճանաչել ինտելիգենտին և տարբերել նրան այլ սոցիալական խմբերից: Մեզ մոտ ինտելիգենցիան գաղափարախոսական, և ոչ թե մասնագիտական կամ տնտեսական խումբ էր…’’ : Ընդ որում Բերդյաևի վերաբերմունքն այս խմբի գաղափարախոսության նկատմամբ բցասական էր: Գրեթե նման սահմանում տալիս է նաև Իվանով-Ռազումնիկը. ՚՚Ինտելիգենցիան էթիկորեն հակաքաղքենիական, սոցիոլոգիական տեսակետից անդասակարգ, առանց շերտավորումների խումբ է, որը բնորոշվում է նոր ձևերի ու իդեալների արարմամբ և անձի անհատական, մտավոր ու հասարակական ազատմամբ՚՚ : Այստեղ նա իր սահմանման մեջ մեծ հետևողականություն է ցուցաբերում: Մեկ այլ տեղ նա պնդում է, որ Բելինսկին ինտելիգենտ է, իսկ Բուլգարինը` ոչ, Գրանովսկին ինտելիգենտ է, իսկ Նիկիտենկոն` ոչ և այլն: Երբ նա պատասխանում է բաժանման չափանիշներին վերաբերող հարցերին, նշում է այն հանգամանքը, որ սահմանները այդ չափանիշների միջև աղոտ են, այդ պատճառով էլ ծայրային դեպքերը կարելի է հստակորեն սահմանել: Դատելով նրա շարադրած մտքերից` ոչ մի կասկած չի հարուցում այն, որ ազատության և այդ ազատությանը հասնելու ուղիների մասին պատկերացումները բացարձակ ու օբյեկտիվ բնույթ են կրում :
Որպես ինտելիգենցիայի առաջացման ժամանակագրական սահման սովորաբար ընդունում են 18-րդ դարի երկրորդ կեսը: Խորհրդային ժամանակահատվածում ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել, միայն վերջին տարիներին լույս տեսան երկու հավաքածուներ, որոնցում բերվում են որոշակի որակապես նոր մոդելներ, որոնք ստեղծվել են մեր թեմայի առարկայական դաշտում:

Leave a Reply