Կուրսային : Finansakan kayunutyan voroshman kargy ev apahovman uxinery / Ֆինանսական կայունության որոշման կարգը և ապահովման ուղիները

Կուրսայինը ամբողջությամբ –

Կուրսային : Finansakan kayunutyan voroshman kargy ev apahovman uxinery / Ֆինանսական կայունության որոշման կարգը և ապահովման ուղիները :

ՊԼԱՆ
Ներածություն
1. Ֆինանսական կայունության էությունն ու նշանակությունը, տեսակները, ապահովման ուղիները
2. Ֆինանսական կայունության գնահատման բացարձակ և հարաբերական ցուցանիշները
3. Կազմակերպության ֆինանսական կայունության պաշարի գնահատումը
Եզրակացություններ և առաջարկություններ

Օգտագործված գրականության ցանկ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Շուկայական տնտեսությունը սահմանում է մի շարք պահանջներ կազմակերպությունների կառավարման համակարգում: Անհրաժեշտ է առավել արագ արձագանքել տնտեսական իրավիճակի փոփոխություններին ֆինանսական վիճակի կայունացման և արտադրության մշտական կատարելագործման նպատակով: Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի առջև կանգնած են մի շարք այնպիսի հարցեր ինչպիսիք են. ի՞նչ ռազմավարություն և մարտավարություն այն պետք է վարի, ի՞նչ ուղիներով կարող է առավել արդյունավետ կազմակերպել իր ֆինանսական գործունեությունը, ինչպե՞ս բարձրացնել ֆինանսական ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, ի՞նչ մեթոդներով որոշել իր ֆինանսական դրության կայունությունն ապահովող տնտեսական գործունեության գնահատման ցուցանիշների համակարգը և այլն: Վերոհիշյալ հարցերին լիարժեք պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել ֆինանսական մանրամասն վերլուծություն, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ բաշխել նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսները: Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վերլուծության հիմնական խնդիրներից են ֆինանսական դրության ընդհանուր գնահատումը, միջոցների և նրանց աղբյուրների համապատասխանության ուսումնասիրությունը, արդյունավետ օգտագործումը, կազմակերպության ֆինանսական կայունության կանխատեսումը և այլն:
Ընդհանրապես կազմակերպության ֆինանսական դրություն հասկացությունը ընդհանրացված ցուցանիշ է, որը բնութագրվում է փոխկապակցված ցուցանիշների համակարգով, այդ թվում՝ ֆինանսական կայունություն, գործարար ակտիվություն, վճարունակություն, իրացվելիություն և այլն: Ֆինանսական դրության վերլուծությամբ զբաղվում են ոչ միայն կազմակերպության ղեկավար մարմինները և համապատասխան ծառայությունները (ներքին վերլուծություն), այլև ինվեստորները՝ ռեսուրսների օգտագործման արդյունավետության ուսումնասիրության համար, բանկերը՝ վարկավորման պայմանների գնահատման և ռիսկի մակարդակի որոշման համար, մատակարարները՝ ժամանակին վճարները ստանալու համար, հարկային օրգանները՝ բյուջե մուտքագրվող միջոցների պլանի կատարման համար և այլն (արտաքին վերլուծություն):
Շուկայական էկոնոմիկային անցում կատարելուց հետո կազմակերպությունների առջև խիստ դրվեց նրանց կայունության հարցը, դրա ապահովման և վերականգնման ուղիների բարելավումը: Ֆինանսական կայունությունը կապված է կազմակերպության հաշվեկշռի կառուցվածքի, կրեդիտորներից, ինվեստորներից նրա կախվածության աստիճանի, միջոցների արտաքին աղբյուրների ներգրավման և սպասարկման պայմանների հետ: Այսպիսով, շուկայական տնտեսության պայմաններում տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կայունությունը խիստ կարևոր և ուսումնասիրության արժանի հասկացություն է հանդիսանում և դրա որոշման նպատակով պրակտիկայում մշակվում և կիրառվում են հատուկ մեթոդներ, հաշվարկվում են տարբեր ցուցանիշներ:
Սույն աշխատանքի առաջին բաժնում կքննարկվեն ֆինանսական կայունության էությունը, նշանակությունը, դրա վրա ազդող գործոնները, ինչպես նաև ֆինանսական կայունության տեսակները և ապահովման ուղիները: Երկրորդ բաժնում մանրամասն կներկայացվեն և վերլուծության կենթարկվեն ֆինանսական կայունության գնահատման բացարձակ և հարաբերական ցուցանիշները, հատկապես մեծ ուշադրություն դարձնելով ֆինանսական կայունության գործակիցներին: Վերջապես երրորդ բաժնում, կներկայացվի ֆինանսական կայունության պաշար հասկացությունը, և կօգտագործվեն մի շարք կարևոր կատեգորիաներ՝ փոփոխուն և հաստատուն ծախսեր, համախառն մարժա, գործառնական լծակ, շահութաբերության շեմ, ֆինանսական կայունության պաշարը որոշելու համար:

1.ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Ֆինասական կայունությունը հանդիսանում է կազմակերպության ֆինանսական դրության կարևորագույն բնութագրիչներից մեկը, որը բնութագրում է նրա արտադրատնտեսական գործունեության կայունությունը երկարաժամկետ տեսանկյունից: Այն հիմնականում պայմանավորված է կապիտալի կառուցվածքով: Բանն այն է, որ շատ կազմակերպություններ գերադասում են գործի մեջ ներդնել նվազագույն չափով սեփական միջոցներ և ֆինանսավորել գործունեությունը պարտավորությունների հաշվին: Սակայն նախ և առաջ պետք է հաշվի առնել, որ անհիմն և չափից դուրս փոխառու միջոցների օգտագործումը կարող է սնանկացման պատճառ դառնալ և բացի այդ, ֆինանսական կայուն վիճակի առկայությունն է, որ կազմակերպությանը գրավիչ է դարձնում ներդրողների համար: Ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ֆինանսական կայունությունը պայմանավորված է սեփական և փոխառու միջոցների հարաբերությամբ:
Ֆինանսական կայունության տակ ի նկատի է առնվում կազմակերպության այնպիսի դրություն, որի դեպքում վճարունակությունը անընդհատ է ժամանակի մեջ, իսկ սեփական և փոխառու կապիտալի հարաբերակցությունը ապահովում է այդ վճարունակությունը:
Ֆիանսական կայունության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝
• ընաթացիկ և ոչ ընթացիկ ակտիվներով ապահովվածությունը
• դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վիճակը
• ապրանքային շուկայում ապրանքի մրցունակության ապահովումը
• ինվեստորներից և կրեդիտորներից կախվածության աստիճանը
• տնտեսական ու ֆինանսական գործառնությունների արդյունավետությունը և այլն:
Ֆինասական կայունությունը , կախված ազդող գործոնների էությունից, լինում է ներքին և արտաքին:
Ներքին կայունությունը բնութագրվում է տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական դրության այնպիսի վիճակով, երբ դրանց արտադրատնտեսական ճիշտ գործունեության հետևանքով ապահովվում է ֆինանսական բարձր, կայուն արդյունք(շահույթ):
Արտաքին կայունությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտի տնտեսական կայուն միջավայրով, որի շրջանակներում իրականացվում է նրա գործունեությունը: Շուկայական տնտեսության պայմաններում արտաքին կայունությունը դրևորվում է միջազգային մասշտաբներով:
Այսպիսով, կարելի է ասել, որ ֆինանսական կայունությունն իր առանձնահատուկ տեղն ունի տնտեսավարող սուբյեկտի համար, և նրա գծով այս կամ այն ժամանակահատվածի համար վերլուծություն կատարելիս տրվում են մի շարք հարցերի պատասխաններ, ինչպիսիք են.
• Որքանո՞վ են տնտեսավարող սուբյեկտի ենթակայության տակ գտնվող ֆինանսական ռեսուրսները ճիշտ կառավարվել տվյալ ժամանակահատվածում:
• Արդյո՞ք ֆինանսական ռեսուրսների վիճակը համապատասխանում է արտադրության զարգացման և շուկայի կողմից ներկայացվող պահանջներին: Նման համապատասխանության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ֆինանսական ոչ բավարար կայունությունը կարող է բերել տնտեսավարող սուբյեկտի անվճարունակության, իսկ հետագայում՝ նույնիսկ նրա սնանկացմանը:
Այստեղից հետևում է, որ ֆինանսական կայունությունը որոշվում է ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կազմավորմամբ, օգտագործմամբ և բաշխմամբ, իսկ անվճարունակությունը հետևանք է ֆինանսական անկայունության դրսևորման:
Ընդունված է առանձնացնել ֆինանսական կայունության չորս տեսակ.
1. ֆինանսական դրության բացարձակ կայունություն
2. ֆինանսական դրության նորմալ կայունություն
3. անկայուն ֆինանսական դրություն
4. կրիտիկական (ճգնաժամային) ֆինանսական դրություն:
Ֆինանսական դրության բացարձակ կայունության ժամանակ պաշարների և ծախսերի գումարը ավելի փոքր է սեփական ընաթացիկ (շրջանառու) ակտիվների և ապրանքանյութական արժեքների դիմաց բանկային վարկի գումարից: Դա կարելի է արտահայտել հետևյալ անհավասարության տեսքով.
Պ < ՍԸԱ + Վ , որտեղ Պ-ն պաշարներն են, ՍԸԱ-ն սեփական ընթացիկ ակտիվներն են, Վ-ն բանկի վարկերն են, որոնք օգտագործվում են ապրանքանյութական արժեքների համար: Ֆինանսական դրության նորմալ կայունության դեպքում երաշխավորվում է կազմակերպության վճարունակությունը, այսինքն՝ տնտեսավարող սուբյեկտի ունակությունը սահմանված ժամկետում կատարելու իր վճարային պարտավորությունները՝ կապված առևտրային, վարկային և այլ բնույթի գործառնությունների հետ: Դա արտահայտվում է հետևյալ հավասարման տեսքով. Պ = ՍԸԱ + Վ Անկայուն ֆինանսական դրությունը (նախակրիտիկական) բնորոշվում է տնտեսավարող սուբյեկտի վճարունակության խախտումով: Այս դեպքում փաստորեն խախտվում է վճարային հաշվեկշիռը, սակայն պահպանվում է վճարման միջոցների և վճարման պարտավորությունների հավասարակշռության վերականգնման հնարավորությունը կազմակերպության շրջանառություն ժամանակավորապես ազատ միջոցների, բանկային վարկի ներգրավման, սեփական միջոցների աղբյուրների լրացման և սեփական ընթացիկ ակտիվների ավելացման հաշվին: Դա կարող ենք ներկայացնել հետևյալ բանաձևով. Պ = ՍԸԱ + Վ + ՖՎԿԱ , որտեղ ՖՎԿԱ-ն ֆինանսական վիճակի կարգավորման աղբյուրներն են: Այս դեպքում ֆինանսական անկայունությունը համարվում է թույլատրելի, եթե պահպանվում են հետևյալ պայմանները. • Արտադրական պաշարների և պատրաստի արտադրանքի գումարը հավասար է կամ գերազանցում է պաշարների ձևավորմանը մասնակցող կարճաժամկետ վարկերի և փոխառու միջոցների գումարին, • Անավարտ արտադրության և ապագա ժամանակաշրջանի ծախսերը փոքր են կամ հավասար սեփական ընթացիկ ակտիվների գումարից: Կրիտիկական ֆինանսական կայունության դեպքում տնտեսավարող սուբյեկտը գտնվում է սնանկացման եզրին: Դա արտահայտվում է հետևյալ անհավասարության տեսքով. Պ > ՍԸԱ + Վ + ՖՎԿԱ
Այսինքն, տնտեսավարող սուբյեկտը տվյալ իրավիճակում չունի բավարար չափով դրամական միջոցներ, կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ, դեբիտորական պարտքեր և այլ ընթացիկ ակտիվներ, որպեսզի կարողանա մարել կրեդիտորական պարտքերն ու այլ կարճաժամկետ պարտավորությունները: Տվյալ դեպքում կազմակերպությունը ստիպված է լինում հետաձգել աշխատավարձի, բանկային վարկի, մատակարարներին, բյուջեին կատարվելիք վճարումների ժամկետները:
Ֆինանսական վիճակի կայունությունը կարող է վերականգնվել հետևյալ պայմանների դեպքում.
• Ընթացիկ ակտիվներում կապիտալի շրջանառելիության արագացում,
• Պաշարների և ծախսերի հիմնավորված կրճատում,
• Ներքին և արտաքին աղբյուրների միջոցով սեփական ընթացիկ ակտիվների համալրում և այլն:
Ներքին վերլուծության ժամանակ իրականացվում է խորը ուսումնասիրություն պաշարների և ծախսերի փոփոխության պատճառների, ընթացիկ ակտիվների շրջանառելիության, սեփական շրջանառու կապիտալի առկայության, ինչպես նաև միջոցների շրջանառելիության արագացման ուղիների, սեփական շրջանառու կապիտալի ավելացման վերաբերյալ: Օգվելով նման վերլուծության արդյունքներից, կարող ենք որոշել, թե կազմակերպության ֆինանսական դրությունը նշված խմբերից որին է դասվում:
Կազմակերպության ֆինանսական կայունության ապահովման համար անհրաժեշտ է նաև ուսումնասիրել նրա ֆինանսական դրությունը կարճաժամկետ տեսանկյունից՝ իրացվելիության և վճարունակության գնահատման և հաշվեկշռի բավարար կառուցվածքի ապահովման միջոցով:
Իրացվելիությունը, ընդհանուր առմամբ, տնտեսավարող սուբյեկտի ունակությունն է իր տրամադրության տակ գտնվող ակտիվները դրամական միջոցների փոխարկելու և դրանով սահմանված ժամկետներում ծածկելու կարճաժամկետ պարտավորությունները: Վճարունակության տակ հասկացվում է բավարար չափով դրամական միջոցների և դրանց համարժեքների առկայությունը ձեռնարկության հաշիվներում անհապաղ մարման ենթակա կրեդիտորական պարտավորությունները վճարելու համար: Իրացվելիության գնահատման համար օգտագործվում են մի շարք բացարձակ և հարաբերական ցուցանիշներ: Նշենք միայն երեք առավել կարևոր և հաճախ օգտագործվող գործակիցներ.
1. Ընթացիկ իրացվելիության գործակից.
Գը.ի. = ԸԱ/ԸՊ
Այս գործակիցը ցույց է տալիս, թե տնտեսավարող սուբյեկտը որքանով է պատրաստ իր տրամադրության տակ եղած ընթացիկ ակտիվներով մարել բոլոր տեսակի կարճաժամկետ պարտավորությունները:
2. Արագ իրացվելիության գործակից.
Գա.ի. = (ԴՄ+ԿՖՆ+ԴՊ+ԱԸԱ)/ԸՊ=(ԸԱ-Պ)/ԸՊ
Այս գործակիցը ցույց է տալիս, թե ընթացիկ պարտավորությունների որ մասը կարող է մարվել ոչ միայն ունեցած դրամական միջոցների և կարճաժամկետ ֆինանսական ներդրումների(ԿՖՆ), այլև սպասվող դեբիտորական պարտքերի (ԴՊ) և այլ ընթացիկ ակտիվների(ԱԸԱ) մուտքերի հաշվին: Այս գործակիցն արդյունավետ է համարվում 0,8-1,0 միավորից պակաս չլինելու դեպքում:
3. Բացարձակ իրացվելիության գործակից (Գբ.ի.).
Գբ.ի.= (ԴՄ +ԿՖՆ)/ԸՊ
Այս գործակիցը ցույց է տալիս, թե ընթացիկ(կաճաժամկետ) պարտավորությունների որ մասը կարող է մարվել անմիջապես տվյալ պահի դրությամբ: Այս գործակիցը արդյունավետ է համարվում, եթե փոքր չէ 0,2-ից, այսինքն՝ տնտեսավարող սուբյեկտը տվյալ պահի դրությամբ ունի մեկ միավոր կաճաժամկետ պարտքի մարման դիմաց 0,2 միավորից ոչ պակաս դրամական միջոցներ և կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ՝ արժեթղթերի տեսքով:
Տնտեսավարող սուբյեկտների բոլոր ակտիվները, բացի ընթացիկի և ոչ ընթացիկի բաժանելուց, կախված իրացվելիության աստիճանից (այսինքն՝ ինչ արագությամբ են այդ ակտիվները փոխակերպվում դրամական միջոցների), պայմանականորեն կարելի է բաժանել 4 խմբի:
1. Ամենաշատ իրացվելի ակտիվներ (Ա1) – ընթացիկ ակտիվների մի մասը կազմող բոլոր տեսակի դրամական միջոցների այն գումարն է, որը կարելի է օգրագործել անմիջականորեն հաշվարկային գործառնություններ կատարելու համար: Այս խմբում ներառվում են կարճաժամկետ ֆինանսական ներդրումները՝ արժեթղթերի տեսքով:
2. Արագ իրացվելի ակտիվներ (Ա2) – ընթացիկ ակտիվների մի մասը կազմող և որոշակի ժամանակում շրջանառության համար պահանջվող այն միջոցներն են, որոնք հանդես են գալիս հիմնականում դեբիտորական պարտքերի (որոնք ենթական են մարման 12 ամսվա ընթացքում) և այլ ընթացիկ ակտիվների տեսքով:
3. Դանդաղ իրացվելի ակտիվներ (Ա3) – ավելի քիչ իրացվելի ակտիվներ են՝ արտադրական պաշարներ, անավարտ արադրության ծախսեր, երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ, դեբիտորական պարտքեր (որոնք պետք է վճարվեն հաշվետու պահից ավելի քան 12 ամիս հետո) և այլն:
4. Դժվար իրացվելի ակտիվներ(Ա4) – ակտիվներ, որոնք նախատեսված են համեմատաբար ավելի երկարատև ժամանակահատվածում տնտեսական գործունեության մեջ օգտագործելու համար: Դրանց թվին են դասվում ոչ ընթացիկ ակտիվները, բացառությամբ երկարաժամկետ ֆինանսական ներդրումների:
Նման ձևով հաշվեկշռի պասիվները, ըստ պարավորությունների մարման ժամկետների, դասվում են հետևյալ խմբերին.
1. Ամենահրատապ պարավորություններ (Պ1) – ընթացիկ պարտավորություններից՝ կրեդիտորական պարտքերը(առևտրային կրեդիտորական պարտքեր, կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին, պարտադիր սոցիալական ապահովագրության գծով պարտքեր և այլ կրեդիտորական պարտքեր, որոնք սահմանված ժամկետում չեն վճարվում), շահաբաժինների գծով կանխավճարները:
2. Կարճաժամկետ պասիվներ(Պ2) – ընթացիկ պարավորություններից՝ բանկերի կարճաժամկետ վարկերն ու փոխառությունները, դրանց գծով տոկոսները և այլն:
3. Երկարաժամկետ պասիվներ(Պ3)- երկարաժամկետ բանկային վարկերն ու փոխառությունները, ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունները, հետաձգված հարկային պարտավորությունները և այլ ոչ ընթացիկ պարտավորություններ:
4. Կայուն (հաստատուն) պասիվներ (Պ4) – հաշվեկշռի սեփական կապիտալ բաժնից կանոնադրական կապիտալի զուտ գումարը, լրացուցիչ կապիտալը, վերագնահատումից տարբերությունները, կուտակված շահույթը, պահուսները (բացի շահաբաժինների գծով կանխավճարներից), ինչպես նաև ոչ ընթացիկ պարտավորություններից՝ նպատակային ֆինանսավորումն ու մուտքերը և գալիք ժամանակաշրջանի ծախսերի ու վճարումների պահուստները:
Տվյալ տնտեսվարող սուբյեկտի իրացվելիության իրական աստիճանը գնահատելու համար անհրաժեշտ է կատարել հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության վերլուծություն՝ համեմատելով ակտիվի և պասիվի համապատասխան խմբերը: Հաշվեկշիռը համարվում է բացարձակ առումով իրացվելի, եթե այդ խմբերի միջև կան հետևյալ հարաբերակցությունները՝

Ա1 >Պ1
Ա2 >Պ2
Ա3 >Պ3
Ա4 <Պ4 Եթե կատարվում են առաջին երեք անհավասարությունները, ապա նշանակում է , որ տնտեսավարող սուբյեկտն ունի ընթացիկ ակտիվների այնքան բացարձակ մեծություն, որը գերազանցում է ընթացիկ պարտավորությունները, բայց միաժամանակ պետք է պահպանվի 4-րդ անհավասարությունը: Այսինքն՝ անհրաժեշտ է ունենալ այնքան սեփական կապիտալ, որ հնարավոր լինի ժամանակին փոխհատուցել ոչ ընթացիկ ակտիվները և մնացած տարբերության (Պ4 -Ա4 > 0) հաշվին ապահովել սեփական ընթացիկ ակտիվները: Դրանով էլ կապահովվի տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կայունության նվազագուն պայմանը: Իսկ եթե չի կատարվում առաջին երեք անհավասարություններից թեկուզ մեկը, նշանակում է՝ հաշվեկշռի իրացվելիությունն արդեն տարբերվում է բացարձակ իրացվելիությունից, այսինքն՝ տնտեսավարող սուբյեկտը ֆինանսապես կայուն չէ:

2.ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ և ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
2.1.Ֆինանսական կայունության գնահատման բացարձակ ցուցանիշները

Ֆինանսական կայունության գնահատականը թույլ է տալիս որոշել կազմակերպության ֆինանսական հնարավորությունները երկար ժամանակահատվածում(ավելի քան մեկ տարի): Կազմակերպության ֆինանսական կայունությունը գնահատելու համար առաջարկվում են մի շարք բացարձակ և հարաբերական ցուցանիշներ:
Ֆինանսական կայունության գնահատման բացարձակ ցուցանիշները բնութագրում են տնտեսավարող սուբյեկտի տնտեսական գործունեության՝ պաշարներով և կատարվող ծախսումների կազմավորման աղբյուրներով ապահովվածության աստիճանը: Իսկ պարզելու համար, թե որքանով է տվյալ ընկերությունը ապահովված պաշարներով, անհրաժեշտ է կատարել հաշվարկներ՝ հիմք ընդունելով հաշվապահական հաշվեկշռի ամփոփ տվյալները:
Պաշարների և ծախսումների կազմավորման աղբյուրների(ՊԿԱ) բնութագրման համար առավել հաճախակի օգտագործվում են հետևյալ երեք բացարձակ ցուցանիշները.
1. Սեփական ընթացիկ(շրջանառու) ակտիվներ(ՍԸԱ), որոնք հաշվարկվում են երկու եղանակով.
ա) Սեփական ընթացիկ ակտիվները հաշվարկվում են որպես հաշվապահական հաշվեկշռի սեփական կապիտալ և ոչ ընթացիկ պարավորություններ բաժինների հանրագումարի և ոչ ընթացիկ ակտիվներ բաժնի հանրագումարի տարբերություն: Դա կարելի է ներկայացնել հետևյալ բանաձևի տեսքով.
(ՊԿԱ)1 = ՍԿ + ՈԸՊ – ՈԸԱ = ՍԸԱ
բ)Սեփական ընթացիկ ակտիվները կարելի է հաշվարկել նաև որպես ընթացիկ ակտիվներ բաժնի և ընթացիկ պարտավորություններ բաժնի հանրագումարների տարբերություն.
(ՊԿԱ)1 = ԸԱ – ԸՊ = ՍԸԱ
ՍԸԱ ցուցանիշը բնորոշում է տնտեսավարող սուբյեկտի զուտ ընթացիկ ակտիվների գումարի չափը, որի ավելացումը նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատած կվկայի նրա գործունեության արդյունավետ զարգացման մասին: Որքան բարձր լինի այդ մեծությունը իր արժեքային տեսքով, կնշանակի, այնքան տնտեսապես բարենպաստ պայմաններում է գտնվում տնտեսավարող սուբյեկտը և ժամանակին ի վիճակի է մարելու բոլոր տեսակի կրեդիտորական պարտքերը, իսկ իր տրամադրության տակ եղած ապրանքանյութական ազատ արժեքներն ու դրամական միջոցները կարող է օգտագործել այլ նպատակների համար:
2. Հաջորդ աղբյուրը ներկայացնում է արդեն հաշվարկված սեփական ընթացիկ ակտիվների և ոչ ընթացիկ պարավորությունների հանրագումարը.
(ՊԿԱ)2 = ՍԸԱ + ՈԸՊ
3. Պաշարների և ծախսումների կազմավորման մյուս կարևոր աղբյուրը՝ (ՊԿԱ)3, ընդհանրացված տեսքով իրենից ներկայացնում է նախորդ ցուցանիշի մեծության և ընթացիկ պարտավորությունների հանրագումարը.
(ՊԿԱ)3 = (ՊԿԱ)2 + ԸՊ
Անհրաժեշտ է նշել, որ պաշարների և ծախսումների կազմավորման աղբյուրների գծով ներկայացված 3 ցուցանիշներից յուրաքանչյուրին համապատասխանում է պաշարներով ապահովվածության որոշակի մակարդակ(ավելցուկ կամ պակասորդ).
1. Պաշարների կազմավորման համար սեփական ընթացիկ ակտիվների ավելցուկը (+) կամ պակասորդը (-) արտահայտվում է հետևյալ հավասարության տեսքով.
±Δ(ՊԿԱ)1=ՍԸԱ-Պ , որտեղ
Պ-ն պաշարներն են:
Եթե վերլուծությունը ցույց է տալիս, որ կազմակերպությունը ավելի շատ պաշարներ ունի, քան կազմավորման աղբյուրն է (այսինքն՝ վերը նշված արտահայտությունը բացասական արդյունք է ստանում), ապա դա տնտեսավարող սուբյեկտի համար դրական երևույթ չէ, քանի որ այդ պաշարները գտնվում են պահեստում, այլ ոչ թե արտադրության կամ շրջանառության ոլորտում:
2. Պաշարների կազմավորման համար սեփական ընթացիկ ակտիվների և ոչ ընթացիկ պարտավորությունների աղբյուրների ավելցուկը(+) կամ պակասորդը(-) հավասար է.
±Δ(ՊԿԱ)2 = (ՍԸԱ + ՈԸՊ) – Պ
3. Պաշարների կազմավորման համար ընդհանուր աղբյուրների ավելցուկը (+) կամ պակասորդը (-) հավասար է.
±Δ(ՊԿԱ)3 = (ՍԸԱ + ՈԸՊ + ԸՊ) – Պ

2.2.Ֆինանսական կայունության գնահատման հարաբերական ցուցանիշները
Բացարձակ ցուցանիշներից բացի հաշվարկվում են և գործնականում մեծ նշանակություն ունեն ֆինանսական կայունության գործակիցները: Ի տարբերություն բացարձակ ցուցանիշների, դրանք հնարավորություն են տալիս կատարելու տարբեր համեմատություններ, համադրություններ, մասնավորապես՝ հարաբերական ցուցանիշները կարելի է համեմատել.
• այլ կազմակերպությունների համանման տվյալների հետ, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել կազմակերպության թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավորությունները,
• նախորդ տարիների համանման ցուցանիշների հետ, որպեսզի ուսումնասիրվի ֆինանսական դրության վատթարացման կամ բարելավման միտումները,
• ռիսկի մակարդակի գնահատման և սնանկացման հնարավորության կանխատեսման համար ընդունված նորմերի հետ:
Այս գործակիցների մակարդակը և միտումները օգտագործվում են կազմակերպության ֆինանսական դրության կայունության և ներդրումային գրավչության մասին տեղեկություններ ստանալու համար:
Ըստ պատկանելիության օգտագործվող կապիտալը ստորաբաժանվում է սեփականի և փոխառուի: Սեփական կապիտալի անհրաժեշտությունը բխում է կազմակերպության ինքնաֆինանսավորման պայմանից: Սեփական կապիտալը կազմակերպության անկախության և երկարաժամկետ ժամանակահատվածում ֆինանսական կայունության ապահովման հիմքն է հանդիսանում, սակայն պետք է հաշվի առնել, որ սեփական միջոցների հաշվին գործունեության ֆինանսավորումը ոչ միշտ է ձեռնտու կազմակերպության համար: Եթե ֆինանսական ռեսուրսների գները բարձր չեն տվյալ ժամանակահատվածում, իսկ կազմակերպությունը կարող է ապահովել ներդրված կապիտալի վերադարձ ավելի բարձր մակարդակով, քան վճարել է վարկային ռեսուրների դիմաց, ապա փոխառու միջոցների ներգրավումը կարող է բարձրացնել սեփական կապիտալի շահութաբերությունը: Այսպիսով փոխառու կապիտալն ապահովում է կորպորացիաների ֆինանսական պոտենցիալի մեծացման հնարավորություն: Բայց եթե տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կառուցվածքում սեփական և փոխառու կապիտալ հարաբերակցությունում փոխառու կապիտալը ունի զգալիորեն ընդգծված աճի միտում, ապա տնտեսավարող սուբյեկտից մի քանի վարկատուների կողմից իրենց հասանելիք պարտքերի մարումը միաժամանակ պահանջելու դեպքում վերջինիս կսպառնա սնանակցման վտանգ: Բացի այդ, փոխառու կապիտալի արժեքը մեծապես կախված է վարկային շուկայի իրադրության տատանումներից: Չափից շատ փոխառու կապիտալի օգտագործումը կազմակերպության համար առաջացնում է մի շարք անցանկալի, վտանգավոր ֆինանսական ռիսկեր: Հետևաբար, կազմակերպության ֆինանսական կայունությունը կախված է նրանից, թե որքան օպտիմալ է սեփական և փոխառու կապիտալների հարաբերակցությունը: Այդ է պատճառը, որ մանրամասն ուսունասիրվում է սեփական, փոխառու և ամբողջ կապիտալի փոխհարաբերակցությունը տարբեր տեսանկյուններից, առանձնացվում և վերլուծության են ենթարկվում կապիտալի կառուցվածքը բնութագրող մի շարք ցուցանիշներ: Ընդհանրապես ֆինանսական կայունությունը կարելի է գնահատել երկու տեսանկյունից՝ միջոցների աղբյուրների կառուցվածքի և ֆինանսավորման արտաքին աղբյուրների սպասարկման ծախսերի: Ըստ այդմ էլ առանձնացվում են ֆինանսական կայունությունը բնութագրող երկու խումբ ցուցանիշներ.
• Կապիտալիզացիայի գործակիցներ
• Ծածկման գործակիցներ
Առաջին խմբի գործակիցները հիմնականում հաշվարկվում են հաշվեկշռի պասիվային մասի տվյալների հիման վրա: Այդ ցուցանիշներն են.
1. Սեփական կապիտալի կենտրոնացման գործակից(Գսկկ)
Այս գործակիցը բնութագրում է տնտեսավարող սուբյեկտի սեփական կապիտալի (ՍԿ) տեսակարար կշիռը հաշվեկշռի պասիվի հանրագումարում(ΣՊ) կամ ընդհանուր կապիտալում (ԸԿ): Որքան բարձր լինի այս գործակիցը, կնշանակի այնքան ավելի ստաբիլ և արտաքին կրեդիտորներից անկախ է տվյալ կազմակերպությունը: Այս ցուցանիշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Գսկկ = ՍԿ/ΣՊ կամ ՍԿ/ԸԿ
Հաշվարկները ցույց են տվել, որ տնտեսավարող սուբյեկտը ֆինանսապես բավարար չափով կայուն վիճակում կլինի, եթե Գսկկ ≥ 0.6 (60%): Այսինքն՝ սեփական կապիտալի տեսակարար կշռի նվազագույն չափը 60%-ից ցածր չպետք է լինի, հակառակ դեպքում տնտեսավարող սուբյեկտը կհայտնվի ֆինանսապես անկայուն վիճակում: Եթե օգտագործվում է միայն սեփական կապիտալ, ապա տնտեսավարող սուբյեկտի մոտ առկա է առավելագույն ֆինանսական կայունություն: Սակայն գործնականում նման իրավիճակ չի ստեղծվում, քանի որ դա խիստ կսահմանափակեր տվյալ կորպորացիայի զարգացման տեմպերը և հնարավորությունները:
2. Փոխառու կապիտալի(ոչ ընթացիկ և ընթացիկ պարավորություններ) կենտրոնացման գործակից(Գփկկ)
Այս գործակիցը բնութագրում է տնտեսավարող սուբյեկտի փոխառու կապիտալի (ՓԿ) տեսակարար կշիռը հաշվեկշռի պասիվի ընհանուր հանրագումարում: Այս ցուցանիշը արտահայտվում է հետևյալ բանաձևով.
Գփկկ = ՓԿ/ΣՊ կամ ՓԿ/ԸԿ
Փաստորեն, այս գործակիցը բնութագրում է պարտքի բաժինը (ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունների գումար) ընդհանուր կապիտալում, և որքան մեծ է այն, այնքան մեծ է կազմակերպության կախվածությունը միջոցների ֆինանսավորման արտաքին աղբյուրներից:
Ի տարբերություն սեփական կապիտալի կենտրոնացման գործակցի, այս գործակիցը համարվում է արդյունավետ, եթե այն մեծ չէ 0,4-ից (40%):
Նշված երկու գործակիցների միջև գոյություն ունի փոխադարձ կապ.
Գսկկ + Գփկկ = 1 կամ 100% :
3.Ֆինանսական կախվածության գործակից(Գֆկ)
Սեփական կապիտալի կենտրոնացման գործակցի հակադարձ մեծությունը ներկայացնող այս գործակիցը կարելի է արտահայտել հետևյալ բանաձևով.
Գֆկ = ΣՊ/ՍԿ կամ ԸԿ/ՍԿ
Նշված գործակցի աճման միտումը բնորոշվում է սեփական կապիտալի նվազեցմամաբ կամ փոխառու կապիտալի մեծության ավելացմամբ:
4. Սեփական կապիտալի շարժունակության գործակից(Գսկշ)

Այս գործակիցը ցույց է տալիս, թե սեփական կապիտալի որ մասն է օգտագործվում տնտեսավարող սուբյեկտի ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար կամ այլ կերպ ներդրվում ընթացիկ ակտիվների (շրջանառու միջոցների) համար, իսկ որ մասն է կապիտալացվում.
Գսկշ = (ՍԿ + ՈԸՊ – ՈԸԱ)/ՍԿ = ՍԸԱ/ՍԿ
Այս ցուցանիշի նշանակությունը կարող է էականորեն փոփոխվել՝ կախված կազմակերպության գործունեության տեսակից, ակտիվների կառուցվածքից, այդ թվում՝ շրջանառու (ընթացիկ) ակտիվների կառուցվածքից, ինչպես նաև տվյալ կազմակերպության ճյուղային պատկանելիությունից:
5.Երկարաժամկետ ներդրւմների կառուցվածքի գործակից(Գենկ)
Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե ոչ ընթացիկ ակտիվների որ մասն է վերաֆինանսավորվում ի հաշիվ ոչ ընթացիկ պարտավորությունների: Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Գենկ = ՈԸՊ/ՈԸԱ
Որքան բարձր լինի այս գործակցի մեծությունը, դրան համապատասխան էլ անհրաժեշտ է, որպեսզի տնտեսավարող սուբյեկտը իր տրամադրության տակ եղած հիմնական միջոցներն ու այլ տեսակի ներդրումները օգտագործի խիստ նպատակային: Դրա համար էլ երբեմն հնարավոր չէ պարզել, թե արդյոք ոչ ընթացիկ պարտավորությունները, որպես ակտիվների կազմավորման աղբյուր, լիարժեք են օգտագործվում տնտեսավարող սուբյեկտի նյութատեխնիկական բազայի ընդլայնման գծով ֆինանսավորման համար:
6. Երկարաժամկետ ներգրավվող պարտավորությունների գործակից(Գենպ)
Այս գործակիցը բնութագրում է տնտեսավարող սուբյեկտի կողմից ընթացիկ ակտիվների լրացման նպատակով ներգրավվող ոչ ընթացիկ պարավորությունների (երկարաժամկետ վարկեր և փոխառություններ) բաժինը: Այս ցուցանիշը արտահայտվում է հետևյալ տեսքով.
Գենպ = ՈԸՊ/(ՍԿ + ՈԸԿ)
Նշված գործակիցը միաժամանակ ցույց է տալիս երկարաժամկետ ներգրավված պասիվների տեսակարար կշիռը տնտեսավարող սուբյեկտի սեփական կապիտալի և ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարում: Այս ցուցանիշի մեծության աճի միտումը վկայում է արտաքին ներդրողներից կազմակերպության կախվածության մեծացման մասին:
7. Փոխառու կապիտալի կառուցվածքի գործակից(Գկկ)
Այս գործակիցը բնութագրում է ոչ ընթացիկ պարտավորությունների բաժնի չափը փոխառու կապիտալի հանրագումարում և հաշվակվում է հետևյալ կերպ.
Գկկ = ՈԸՊ/ՓԿ
Նշված գործակիցը կարող է անընդհատ տատանվել՝ կախված տնտեսավարող սուբյեկտի կրեդիտորական պարտքերի գումարի չափից, արտադրական ընթացիկ գործունեության վարկավորման կարգից և այլ գործոններից:
8.Սեփական և փոխառու կապիտալների հարաբերակցության գործակից (Գս/փ)
Տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կայունության գնահատման առավել իրական պատկեր կարելի է ստանալ սեփական և փոխառու կապիտալների հարաբերակցության գործակցի միջոցով: Այս ցուցանիշը արտահայտվում է հետևյալ տեսքով.
Գս/փ = ՍԿ/ՓԿ
Նշված գործակցի մեծության աճը վկայում է տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կայունության բարելավման մասին, այսինքն՝ այլ հավասար պայմանների դեպքում՝ սեփական կապիտալը ավելանում է, իսկ փոխառու կապիտալը նվազում:
9.Կայուն ֆինանսավորման գործակից (Գկֆ)
Այս ցուցանիշը արտահայտում է կազմակերպության անկախությունը (կամ կախվածությունը) կաճաժամկետ խոփառու աղբյուրներից: Սեփական կապիտալի և ոչ ընթացիկ պարտավորությունների գումարային մեծության հարաբերությունը ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվների գումարային մեծությանը ցույց է տալիս, թե ակտիվների որ մասն է ֆինանսավորվում ի հաշիվ կայուն աղբյուրների.
Գկֆ = (ՍԿ + ՈԸՊ)/(ՈԸԱ + ԸԱ)
Այսինքն, հայտարարում ներկայացվում է հաշվեկշռի ակտիվային մասի հանրագումարը, իսկ համարիչի մեծությունը իրենից ներկայացնում է, այսպես կոչված, անընդհատ կապիտալը:
Երկարաժամկետ պարավորությունների կառուցվածքը բնութագրող կապիտալիզացիայի գործակիցները լրացվում են երկրորդ խմբի գործակիցներով, որոնք, ինչպես նշվել է, կոչվում են ծածկման գործակիցներ և հնարավորություն են տալիս որոշելու, թե արդյոք կազմակերպությունը ի վիճակի է պահպանել միջոցների աղբյուրների կառուցվածքի առկա վիճակը:
Ինչպես հայտնի է, կազմակերպության միջոցների աղբյուրներից յուրաքնաչյուրն ունի իր գինը: Փոխառու միջոցների ներգրավումը կապված է հաստատուն ֆինանսական ծախսերի կատարման հետ, որոնք վատագույն դեպքում պետք է ծածկվեն ընթացիկ եկամուտների հաշվին: Այս ծախսերին են վերաբերում ինչպես փոխառությունների և վարկերի օգտագործման դիմաց վճարվող տոկոսները, այնպես էլ երկարաժամկետ վարձակալության վճարները: Այս խմբի մեջ առավել կարևորվում է վճարման ենթակա տոկոսների ապահովվածության գործակիցը, որը հաշվարկվում է որպես մինչև տոկսների վճարելը և հարկվելը ստացված շահույթի և վարկերի ու փոխառությունների դիմաց վճարվող տոկոսների հարաբերություն: Եթե դինամիկ վերլուծությունը ցույց է տալիս այս ցուցանիշի կայուն բարձ արժեք, ապա դա դրական միտում է կազմակերպության համար և փոխառու կապիտալ տրամադրողներին վստահեցնում է, որ կազմակերպությունը բավարար չափով շահույթ է ստանում, որպեսզի կարողանա կատարել իր պարտավորությունների գծով բոլոր վճարումները: Եթե այս գործակցի հայտարարում վարկերի և փոխառությունների դիմաց վճարվող տոկոսների գումարին ավելացնենք նաև ֆինանսական վարձակալության գծով իրականացվող ծախսերը, ապա կստանանք հաստատուն ֆինանսական ծախսերի ծածկման գործակիցը:
Այսպիսով, քննարկելով ֆինանսական կայունության գնահատման գործակիցները, անհրաժեշտ է նշել, որ կապիտալի օպտիմալ կառուցվածքի վերաբերյալ միասնական հստակ չափանիշներ գոյություն չունեն, յուրաքանչյուր կազմակերպություն պետք է գտնի իր համար այդ խնդրի լավագույն լուծումը: Բացի այդ կապիտալի կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները տարբեր տեսանկյուններից են գնահատվում կազմակերպության և ինվեստորների կողմից: Բանկերի և այլ ներդրողների համար առավել հուսալի իրավիճակ է, եթե սեփական կապիտալի տեսակարար կշիռը ավելի մեծ է, ինչը նվազեցնում է ֆինանսական ռիսկը: Իսկ կազմակերպությունները ձգտում են ներգրավել որքան հնարավոր է շատ փոխառու միջոցներ ավելի ցածր տոկոսներով, քան կազմակերպության շահութաբերության մակարդակն է և դրա հաշվին ընդլայնել արտադրությունը, բարձրացնել սեփական կապիտալի եկամտաբերությունը:
3.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՇԱՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Կազմակերպության ֆինանսական դրության վերլուծության ժամանակ անհրաժեշտ է իմանալ նրա կայունության պաշարը: Այդ ցուցանիշի ուսումնասիրության համար օգտագործվում է «Ծախս-Ծավալ-Շահույթ» մեթոդը:
Կախված արտադրության ծավալից և արտադրանքի իրացումից ծախսերը լինում են հաստատուն և փոփոխուն: Փոփոխուն ծախսերը ավելանում կամ նվազում են արտադրության ծավալին համամասնորեն: Դրանք հումքի, նյութերի, էներգիայի, վառելիքի, տրանսպորտային ծախսերն են, հիմնական աշխատավարձը և այլն: Հաստատուն ծախսերը կախված չեն արտադրության և արտադրանքի իրացման ծավալից: Դրանց են վերաբերում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան, վարկերի դիմաց տոկոսների գումարը, վարձակալման վճարները, արտադրության կառավարման և կազմակերպման ծախսերը և այլն: Հաստատուն ծախսերը շահույթի հետ միասին կազմում են կազմակերպության մարժինալ շահույթը կամ համախառն մարժան: Այն կարելի է ներկայացնել նաև որպես իրացումից հասույթի և փոփոխուն ծախսերի տարբերություն:

ՀՄ = Շ + Հծ

Այս ցուցանիշը տնտեսագիտական գրականության մեջ կոչվում է նաև ծածկման գումար. նկատի է առնվում հաստատուն ծախսերի փոխհատուցումը հասույթի հաշվին: Իհարկե, կազմակերպության համար ցանկալի է մարժայի այնպիսի տարբերակ, որը ոչ միայն ծածկի հաստատուն ծախսերը, այլև ձևավորի որոշակի շահույթ: Շահույթի փոփոխությունները ուսումնասիրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի կարևոր օրինաչափություն, այն է՝ արտադրության և իրացումից հասույթի ցանկացած փոփոխություն ուղեկցվում է շահույթի ավելի արագ փոփոխությամբ: Գործառնական վերլուծության մեջ սա շատ էական փաստ է և հանդես է գալիս որպես գործառնական լծակի(օպերացիոն լծակ, արտադրական լծակ) գործողության արդյունք: Գործառնական լծակի ազդեցության ուժը որոշվում է որպես համախառն մարժայի և շահույթի հարաբերություն.

ԳԼՈՒ = ՀՄ/Շ = (Հծ + Շ)/Շ = (Հծ/Շ) + 1,

Որտեղ շահույթը(Շ) հավասար է համախառն մարժայի (ՀՄ) և հաստատուն ծախսերի (Հծ) տարբերությանը: Հետևաբար կարող ենք գրել.
ԳԼՈՒ = 1 – (ՀՄ/Հծ)
Ծախսերի դասակարգումը հաստատունի և փոփոխունի և մարժինալ շահույթի ցուցանիշի օգտագործումը թույլ են տալիս հաշվարկել շահութաբերության շեմը, այսինքն հասույթի այն գումարը, որն անհրաժեշտ է կազմակերպության ողջ հաստատուն ծախսերի մարման համար: Այս դեպքում շահույթ չի լինի, բայց չի լինի նաև վնաս: Շահութաբերությունը հավասար կլինի զրոյի: Շահութաբերության շեմը հաշվարկվում է իրացված արտադրանքի մեջ ներառված հաստատուն ծախսերի հարաբերությամբ համախառն հարաբերական մարժային (համախառն հարաբերական մարժա= ՀՄ/հասույթ ).
ՇՇ = ՀԾ/ՀՀՄ
Գրականության մեջ շահութաբերության շեմը հանդիպում է մի շարք անուններով՝ կրիտիկական կետ, մեռյալ կետ, ինքնափոխհատուցման կետ, բեկման կետ և այլն: Նշենք, որ գործնականում հաշվարկվում է նաև անվնասաբերության շեմ հասկացությունը: Գործառնական վերլուծության ժամանակ կարևորվում է նաև հաստատուն ծախսերի բաժանումը ուղղակի և անուղղակի հաստատուն ծախսերի, ըստ որի էլ հաշվարկվում է միջանկյալ մարժա ցուցանիշը: Ուղղակի հաստատուն ծախսերն այն հաստատուն ծախսերն են, որոնք անմիջականորեն վերաբերում են տվյալ ապրանքի արտադրությանը, օրինակ, այն սարքավորումների ամորտիզացիան, որոնք անմիջապես մասնակցում են տվյալ արտադրանքի պատրաստմանը, արտադրամասի պահպանման ծախսերը և այլն: Իսկ անուղղակի հաստատուն ծախսերը վերաբերում են ընդհանուր ձեռնարկությանը՝ ղեկավարության աշխատավարձ, վարչական շենքերի մաշվածք, գիտահետազոտական մշակումների ծախսեր և այլն: Միջանկյալ մարժա հասկացությունը վերաբերում է իրացումից ստացված այն արդյունքին, որը ձևավորվում է փոփոխուն և ուղղակի հաստատուն ծախսերը հասույթից փոխհատուցելուց հետո: Այն իրենից ներկայացնում է տարբերություն համախառն մարժայի և ուղղակի հաստատուն ծախսերի միջև: Այսպիսով, միջանկյալ մարժան միջին դիրք ունի համախառն մարժայի և շահույթի միջև: Անվնասաբերության շեմի պայմանում միջանկյալ մարժան հավասար է զրոյի: Եթե միջանկյալ մարժան չունի գոնե զրոյական արժեք, ապա տվյալ արտադրատեսակը արտադրությունից պետք է հանել: Այսպիսով, շահութաբերության շեմ և անվնասաբերության շեմ հասկացությունների միջև կա որոշակի տարբերություն: Անվնասաբերության շեմը հասույթի այն ծավալն է, որը ծածկում է փոփոխուն և ուղղակի հաստատուն ծախսերի ողջ գումարը: Իսկ շահութաբերության շեմը իրացումից հասույթի այն ծավալն է, որը ծածկում է ոչ միայն փոփոխուն ծախսերը և ուղղակի հաստատուն ծախսերը, այլև տվյալ ապրանքին վերաբերող անուղղակի հաստատուն ծախսերը, ընդ որում շահույթը հավասարվում է զրոյի: Ինչպես երևվում է, շահութաբերության շեմի վրա ազդում են երեք կարևորագուն գործոններ.
• ապրանքի իրացման գին
• միավոր արտադրանքի հաշվով փոփոխուն ծախսեր
• հաստատուն ծախսերի ամբողջական գումար
Գրաֆիկորեն շահութաբերության շեմը հասույթի և ծախսերի ուղիղների հատման կետն է.

Այդ կետում հասույթը հավասար է ծախսերին: Այդ կետից վերև շահույթն է, ներքև՝ վնասը:
Այժմ հնարավոր է որոշել ֆինանսական կայունության պաշարը որպես շահութաբերության շեմից բխող հասկացություն: Փաստացի իրացումից հասույթի և շահութաբերության շեմի տարբերությունը կազմում է ֆինանսական կայունության պաշարը.

ՖԿՊ=ԻՀ – ՇՇ

Երբ հասույթի ծավալն իջնում է շահութաբերության շեմից ցածր մակարդակի վրա, ձեռնարկության ֆինանսական դրությունը վատանում է, առաջանում է լուծարելի ակտիվների դեֆիցիտ: Վերոհիշյալ բանաձևը կարող ենք ներկայացնել հետևյալ կերպ.

ՖԿՊ = ԻՀ – (Հծ * ԻՀ)/ՀՄ = ԻՀ(1 – Հծ/ՀՄ) = ԻՀ/ԳԼՈՒ

(1 – Հծ/ՀՄ) արտահայտությունը գործառնական լծակի հակադարձ ազդեցության ուժն է, իսկ հակադրաձ ազդեցության ուժի մեծությունն էլ իրենից ներկայացնում է ֆինանսական կայունության պաշարի հարաբերական արտահայտությունը.

ՖԿՊ = 1/ԳԼՈՒ կամ 100/ԳԼՈՒ

Այսպիսով, կազմակերպությունը պետք է անընդհատ հետևի իր ֆինանսական կայունության պաշարին և թե որքան պետք է լինի շահութաբերության շեմը, որ կազմակերպության հասույթը դրանից ցածր չլինի:
Առևտրային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար կարևորագույն խնդիր է տվյալ կապիտալ ծախսումների պայմաններում առավելագույն շահույթի ստացումը, ինչը ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել ծախսերի այնպիսի կոմբինացիա, որի դեպքում հնարավոր բոլոր տարբերակներից շահույթը ամենամեծն է: Գործառնական լծակի ազդեցության ուժը ուղղակիորեն կախված է հաստատուն ծախսերի հարաբերական մեծությունից: Խոշոր ծավալի արտադրական ֆոնդեր (ոչ ընթացիկ ակտիվներ) ունեցող ձեռնարկություններում բավականաչափ մեծ է գործառնական լծակի ազդեցության ուժը: Տնտեսական անկայունության, գնորդների գնողունակության անկման և ինֆլյացիայի բարձր տեմպերի պայմաններում այդպիսի ձեռնարկությունների համար առաջանում է շահույթի ծավալների արագ անկման պոտենցիալ վտանգ: Նշված պատճառներով իրացման ծավալների մասնակի կրճատումներն անգամ հնարավոր են դարձնում անցումը վնասաբերության: Ծախսերի կառուցվածքի ընտրության տարբերակների առկայության պայմաններում օգտակար է ունենալ բարձր փոփոխուն և ցածր հաստատուն ծախսերի հարաբերական մակարդակ: Սակայն գործնականում նման մոտեցումը միանշանակ չէ: Առավելություններ ու թերություններ կան ցանկացած տարբերակի դեպքում. ընտրությունը պետք է պայմանավորված լինի ձեռնարկության ֆինանսական նպատակներից, ելակետային վիճակից ու այլ հանգամանքներից:

Եզրակացություններ և առաջարկություններ

Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել և զարգանում են շուկայական հարաբերություններ, դրա հետ մեկտեղ սրվում է մրցակցային պայքարը: Կազմակերպությունները կարող են ապահովել իրենց մրցունակությունը նախ և առաջ իրենց տրամադրության տակ եղած ֆինանսական ռեսուրսների և կապիտալի շարժի ճիշտ կազմակերպման միջոցով: Արտադրական կազմակերպությունների գլխավոր նպատակը առավելագույն շահույթի ստացումն է, որն անհնարին է առանց կապիտալի արդյունավետ կառավարման: Ֆինանսական գործունեությունը պետք է ուղղված լինի ֆինանսական ռեսուրների սիստեմատիկ ներգրավմանը, արդյունավետ օգտագործմանը, հաշվարկային և վարկային կարգապահության պահպանմանը, սեփական և փոխառու միջոցների ռացիոնալ հարաբերակցության սահմանմանը, ֆինանսական կայունության ապահովմանը՝ կազմակերպության արդյունավետ գործունեության նպատակով: Այդ նպատակով յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ընդհանուր ֆինանսական դրության վերլուծության շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն դարձնի ֆինանսական կայունության մանրամասն վերլուծությանը, որի համար կարևոր գործիք են ծառայում հատկապես ֆինանսական կայունության գործակիցները, դրանց հաշվարկումը և վերլուծությունը դինամիկայում: Դա շատ կարևոր է ինչպես ներդրողների համար՝ ֆինանսական ռիսկի ուսումնասիրության ժամանակ, այնպես էլ հենց կազմակերպության համար՝ ֆինանսների կազմակերպման և ֆինանսական ռազմավարության ընտրության հեռանկարային ծրագրերի համար: Ընդհանրապես փոխառու կապիտալի ներգրավումը արտադրական շրջապտույտին սովորական երևույթ է: Դա օժանդակում է ֆինանսական դրության բարելավմանը՝ պայմանով, որ միջոցները երկարատև ժամանակամիջոցում չեն սառեցվում և ժամանկին ետ են վերադարձվում: Հակառակ դեպքում կարող է առաջ գալ ժամկետանց կրեդիտորական պարտք,որն ի վերջո առաջ է բերում տույժերի, տուգանքների վճարում, ֆինանսական կայունության վատթարացում:
Վերլուծության ընթացքում կարևոր պահ է հանդիսանում շահութաբերության շեմի որոշումը, որի հիման վրա էլ կարող ենք հաշվարկել ևս մի կարևոր ցուցանիշ՝ ֆինանսական կայունության պաշարը: Այսինքն պարզում ենք, թե կազմակերպությունը նվազագույնը որքան պետք է արտադրի և իրացնի, որպեսզի ստացված հասույթը բավարարի հաստատուն ծախսերի փոխհատուցմանը և թե փաստացի նրա ստացած հասույթը որքանով է գերազանցում այդ մակարդակը: Այստեղ պետք է հատուկ ուշադրություն դարձնել հաստատուն և փոփոխուն ծախսերի ծավալների և կառուցվածքի վրա, որոնք ընկած են գործառնական լծակի գործունեության հիմքում:
Ֆինանսական դրության կայունացման համար անհրաժեշտ է իրականացնել կոնկրետ միջոցառումներ, որոնք պետք է բխեն տվյալ կազմակերպության առանձնահատկություններից, խնդիրներից և հնարավորություններից: Ընդհանուր առմամբ կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները.
• Առաջին հերթին պետք է կատարելագործել կազմակերպության կառավարման մոտեցումը, յուրացնել և կիրառել կառավարման նոր մեթոդներ և տեխնիկա, կատարելագործել կառավարման կառուցվածքը և կադրային քաղաքականությունը:
• Պլանավորել և մանրամասն իրագործել գնագոյացման ճիշտ քաղաքականություն:
• Գտնել արտադրական ծախսերի իջեցման պահուստային միջոցներ:
• Ակտիվորեն զբաղվել կազմակերպության ֆինանսական պլանավորմամբ և կանխատեսմամբ:
Այսպիսով, շուկայական տնտեսության պայմաններում յուրաքանչյուր կազմակերպության համար խիսկ կարևորվում է ֆինանսական կայունության ապահովումը: Բնականաբար, որքան շահութաբեր է ֆիրման, որքան ավելի կայուն է նրա ֆինանսական դրությունը, այնքան ավելի մեծ ներդրում այն կարող է ունենալ պետության սոցիալական ոլորտում, ինչպես նաև մեծացնել նրա տնտեսական պոտենցիալը և վերջապես՝ այնքան ավելի բարձր կլինի տվյալ կազմակերպության աշխատողների բարեկեցության մակարդակը:

Օգտագործված գրականության ցանկ

1. « Ֆինանսներ և վարկ» Լ. Հ. Բադանյան, Կ.Հ Աբգարյան, Ա.Բ. Սալնազարյան, Úáõ. Ալավերդյան, Ա.Վ. Մաթևոսյան, Կ.Ա. Միքայելյան, 2003
2. «Ֆինանսական կայունության, գործարար ակտիվության և իրացվելիության գնահատման ցուցանիշներն ու դրանց հաշվարկման մեթոդիկան» Աշոտ Բայադյան, Երևան 2001
3. «Տնտեսական գործունեության վերլուծությունը արտադրական կազմակերպություններում» Լիանա Գրիգորյան, Երևան 2002
4. ,,Финансы’’ учебник под ред. В.В. Ковалева, Москва 2002
5. ,,Как Читать Баланс’’ В.В. Ковалев, В.В. Патров, Москва 2003
6. ,,Анализ Финансого-Хозяйственной Деятельности ” Л.Н. Чечевицына, И. Н. Чуев, Москва 2003
7. ,,Теория Экономического Анализа ” Шеремет А.Д., Москва 2002
8. ,,Основы Управления Финансами’’ Д.Ж. К. Ван Хорн, Москва 2000
9. “Strategic Management” Samuel C. Certo, J. Paul Peter, 1998
10. “Principles of Corporate Finance” Ward S. Curran
11. “Contemporary Financial Management” R. Charles Moyer, James R. McGuigan, William J. Kretlow , 2001

Leave a Reply