Անվճար ռեֆերատ : Ashxarhagrakan mec haytnagorcutyunnery mijnadarum /Աշխարհագրական մեծ հայտնագործությունները միջնադարում

Անվճար ռեֆերատ : Ashxarhagrakan mec haytnagorcutyunnery mijnadarum /Աշխարհագրական մեծ հայտնագործությունները միջնադարում :
Նյութը `

Աշխարհագրական մեծ հայտնագործությունները 15-17-րդ դարերում ֆեոդալական հասարակության արտադրողական ուժերի զարգացման, ֆեոդալական արտադրահարաբերությունների համակարգի աճման, արևելքի երկրների հետ եվրոպական երկրների առևտրական կապերի ընդարձակման բնական հետևանք էին:
Դրանք պայմանավորված էին դեպի Արևելք նոր ճանապարհներ հայտնագործելու անհրաժեշտությամբ, ոսկու նկատմամբ պահանջարկի խիստ աճով: Այն ժամանակվա Եվրոպայում ոսկու ծարավը բավարարելու հնարավորություններ չկային, բայց դրա փոխարեն եվրոպացիների պատկերացմամբ նրա սահմաններից դուրս անսպառ հարստություններ էին թաքնված: Հին ճանապարհները 15-րդ դարում գրավել էին թուրքերը:: Այդ հայտնագործությունները հնարավոր դարձան, երբ հաստատվեց երկրի գնդաձևությունը, և ստեղծվեցին օվկիանոսում նավարկող հարմարավետ նավեր:
Աշխարհագրական մեծ հայտնագործությունների թվին են պատկանում ամենից առաջ Ամերիկայի հայտնագործումը Քրիստոփոր Կոլումբոսի կողմից 1492 թվականին, որը հիմք դրեց նոր աշխարհամասի գաղութացմանը, Հնդկաստան տանող արևմտյան ճանապարհի հայտնագործումը Վասկո դա Գամայի կողմից 1497-1499 թվականներին, Ֆ. Մագելանի առաջին շուրջերկրյա նավարկությունը 1519-1522 թվականներին:
Հայտնագործած երկրների գրավումը, կողոպուտն ու շահագործումը նպաստեցին կապիտալի նախասկզբնական կուտակմանը և համաշխարհային շուկայի առաջացմանը: :Աշխարհագրական մեծ հայտնագործությունները խիստ խթանեցին աշխարհագրության, ինչպես նաև բնագիտության շատ ճյուղերի զարգացմանը:
33-օրյա նավարկությունից հետո 1492 թվականի հոկտեմբերի 12-ին Կոլումբոսը խարիսխ գցեց մի փոքրիկ կղզու մոտ, որը պատկանում է Բահամյան կղզիների խմբին: Կոլումբոսը այդ կղզին կոչեց Սան-Սալվադոր: Այդպիսով նա կտրեց-անցավ Ատլանտյան օվկիանոսը: Հայտնագործվեց դեպի արևմտյան կիսագնդի երկրները տանող ուղին, մի հանգամանք, որ հսկայական հետևանքներ ունեցավ ինչպես հայտնագործված երկրների, այնպես էլ Եվրոպայի համար:
Հոկտեմբերի 12-ը համարվում է Ամերիկայի հայտնագործման պաշտոնական օրը:
Այդ է Կոլումբոսի նավարկության պատմական մեծ նշանակությունը:
Այդ առաջին ճանապարհորդության ժամանակ, շարունակելով իր ուղին, Կոլումբոսը հայտնագործեց մի շարք կղզիներ, Կուբայի հյուսիսային ափերը, Հայիթին, որը նա կոչեց Էսպանյոլա` փոքրիկ Իսպանիա: Այստեղ նա կառուցեց Նավիդադ ամրոցը, ուր բնակություն հաստատեցին նրա 39 ծովայինները: Դա եվրոպացիների առաջին գաղութն էր արևմտյան կիսագնդում:
Կոլումբոսը ևս երեք ճանապարհորդություն է կատարել դեպի Ամերիկայի ափերը, որը նա ընդունել է որպես Հնդկաստան, իսկ տեղացիներին` հնդիկներ: Այս ճանապարհորդությունների ընթացքում հայտնաբերել է Մեծ և Փոքր Անտիլյան կղզիախմբերը, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի` Հոնդուրասի, Նիկարագուայի, Կոստա – Ռիկայի և Պանամայի Կարիբյան ափերը, հասել մինչև Օրինոկոյի արևմտյան բազուկի գետաբերանը:
Կոլումբոսի հայտնագործությունները համաշխարհային պատմական նշանակություն ունեցան. դրանից հետո էր, որ Ամերիկյան ցամաքն ընդգրկվեց մարդկության աշխարհագրական պատկերացումների մեջ: Սկսվեց աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը, և հիմք դրվեց գաղութային տերությունների առաջացմանը:
Իսպանացիների առաջխաղացումը դեպի Արևմուտք պորտուգալացիներին դրդեցին վերսկսել ուղիների որոնումը դեպի Հնդկաստան: 1497 թվականին թագավորը Վասկո դա Գամային նշանակեց այդ նպատակի համար հանդերձավորված արշավախմբի ղեկավար: Հուլիսի 8-ին Լիսաբոնից դուրս եկան 4 նավեր: Հասնելով Կանաչ հրվանդանի կղզիներին` Վասկո դա Գաման ափամերձ հանդիպակաց հոսանքներից խուսափելու նպատակով ուղղություն վերցրեց դեպի հարավ` մեծ շեղում կատարելով դեպի Արևմուտք, այնպես որ նա բավականին մոտեցավ Բրազիլիային: Լիսաբոնից դուրս գալուց հետո հինգ ամիս անց միայն Վասկո դա Գամայի առագաստանավերը հասան վերջին նշանին, որը Դիասը դրել էր Աֆրիկայի ափերին: Դրանից հետո սկսվում է Հնդկական օվկիանոսով անցնող դեռ բոլորովին անծանոթ ուղին:
1498 թվականին պորտուգալացիները մոտեցան Մոզամբիկին: Վասկո դա Գամային բախտ վիճակվեց նավախմբի բոցման վերցնել այն ժամանակվա արաբական ծովագնացներից մեկին` Ահմեդ իբն-Մաջիթին: Թե տեսական գիտելիքներով, թե անընդհատ հարստացող բազմամյա ծովագնացության փորձով վերջինս գերաղանցում էր նույնիսկ եվրոպական այնպիսի հիանալի ծովագնացների, ինչպիսիք էին պորտուգալացիները:
ՄԵկուկես ամիս անց` 1498 թվականի մայիսի 20-ին Իբն-Մաջիթը նավերը տարավ Մալաբարյան ափին գտնվող Կալիկուդ քաղաքը: Ամբողջ նավարկությունը դեպի Հնդկաստան շարունակվեց 10 ամսից ավելի: Մեկ տարի անց` 1499 թվականի հուլիսին, համեմունքներով բեռնավորված, բայց արդեն երկու նավ և անձնակազմի կեսից ավելին կորցրած նավախումբը վերադարձավ Լիսաբոն:
Հնդկաստան տանող արևմտյան ուղու հայտնագործումը սերտորեն կապված է Հարավային Ամերիկայի արևելյան ափի հայտնագործման ու հետազոտության հետ: Ամերիգո Վեսպուչին, մասնակցելով Ալոնսո Օխեդայի հրամանատարության տակ գտնվող իսպանական արշավախմբին, որը բավականին մեծ տարածություն անցավ Բրազիլիայի հյուսիսային ափի երկայնքով, արդեն այդ ժամանակ այդ երկիրը համարեց մայրցամաք:
Հնդկաստան մեկնող պորտուգալական երկրորդ արշավախմբի պետ Խուան Կաբրալը իր ճանապարհին չափից ավելի հեռու թեքվելով դեպի արևմուտք` մոտեցավ Բրազիլիայի ափերին: Չգիտենալով իր նախորդների ճանապարհորդության մասին` նա այդ երկիրն ընդունեց որպես կղզի, այն անվանեց Ճշմարիտ խաչի երկիր: Պորտուգալացիները 1501 թվականի մայիսին 3 նավ ուղարկեցին կղզին հետազոտելու համար: Որպես աստղագետ` նավախմբի հետ ուղևորվեց Ամերիգո Վեսպուչին:
Սպասվող կղզու փոխարեն նավախումբը դեմ առավ դեպի հարավ ձգվող մի երկարաձիգ ափի: Ամերիգո Վեսպուչին այդ ճանապարհոևրդությունը հրապուրիչ գույներով նկարագրեց իր բարեկամ Լորենցո Մեդիչին հղած նամակում և առաջարկեց «հին ժողովուրդներին բոլորովին անհայտ» այդ մայրցամաքն անվանել Նոր աշխարհ: Գերմանական տիեզերագիր Վալձեմյուլլերը Վեսպուչիի նամակը հրապարակելով իր «Տիեզերագրության ներածական»-ում առաջարկեց նոր մայրցամաքը Ամերիգոյի անունով կոչել Ամերիկա:
Այսպիսով` Ամերիկա ասելով այն ժամանակ նկատի էր առնվում հարավամերիկյան մայրցամաքի արևելյան մասը: Վեսպուչին առաջինն արտահայտեց այն միտքը, որ հնարավոր է նոր հայտնագործված մայրցամաքը հարավից շրջանցելով` նավարկել մինչև Մոլուկյան կղզիները:
Այս նախագծով խիստ հետաքրքրվեց իսպանական կառավարությունը, հատկապես այն բանից հետո , երբ Բալբուան 1513 թվականին անցնելով Պանամայի պարանոցը` առաջինը տեսավ «հարավային մեծ ծովը», այսինքն` Խաղաղ օվկիանոսը: Դեպի այդ ծովը նեղուց գտնելու, այն անցնելու, մինչև համեմունքի կղզիները հասնելու և դրանով իսկ պորտուգալացիներին մենաշնորհից զրկելու միտքն այժմ արդեն շատ հրապուրիչ էր իսպանացիների համար:
Իսպանական կառավարության հետ կնքված պայմանագրով Մագելանը պարտավորվում էր նեղուց հայտնաբերել նոր մայրցամաքի հարավում:
1519 թվականի սեպտեմբերի 20-ին հինգ ոչ մեծ նավերից կազմված նավախումբը` 253 մարդուց բաղկացած անձնակազմով, մեկնարկ վերցրեց Սան- Լուկարից:
Մագելանի նավարկումը տևեց երկու տարի, որի ըմթացքում նա Հարավային Ամերիկան անցավ մի նեղուցով, որը կոչվեց նրա անունով, դուրս եկավ Խաղաղ օվկիանոս և հասավ Ֆիլիպինյան կղզիներին, որտեղ զոհվեց տեղացիների հետ ընդհարման ժամանակ: Միայն մեկ նավ Դը Էլկանոյի հրամանատարությամբ կտրեց-անցավ Հնդկական օվկիանոսը և շրջանցելով Աֆրիկան` 1522 թվականի սեպտեմբերի 6-ին հասավ Սան- Լուկար` կատարելով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:
Չինաստանը, Հնդկաստանը, Հնդկաչինը, Ինդոնեզիան, որոնց մասին շատ թե քիչ ամբողջական տեղեկություններ եվրոպացիները գրեթե բացառապես Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների նյութերից, համարվում էին հեքիաթային հարուստ երկրներ և հաճախ անվանվում էին «Հնդկաստան»:
Այդ անվանումը մի շարք դեպքերում վերաբերում էր ընդհանրապես անդրծովյան անծանոթ երկրներին, և ամենևին էլ միշտ չէ, որ նկատի էր առնվում իսկական Հնդկաստանը, որտեղից Եվրոպան ստանում էր այնպիսի ապրանքներ, որոնք ոսկով էին գնահատվում: Այս բոլոր աղոտ պատկերացումները մեծ դեր խաղացին 15-րդ և 16-րդ դարերի աշխարհագրական հայտնագործությունների գործում, որովհետև դրանք ծովագնացներին համառ փորձերի էին դրդում` հասնելու երևակայական և իսկապես գոյություն ունեցող երկրներ:

Օգտագործված գրականություն

1. Հ. Բ. Պետրոսյան, Միջին դարերի պատմություն, Եր., 1989:
2. Մ. Պ. Լեսնիկով, Աշխարհագրական մեծ հայտնագործություններ, Եր., 1989:
3. Ս. Ծ. Կոլեսնիկ, Ընդհանուր երկրագիտության հիմունքներ, Մ., 1984:

Leave a Reply